Թուրքիայի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները սեպտեմբերի 6-ին կլոր սեղան-քննարկում են անցկացրել՝ նվիրված 1955 թվականի սեպտեմբերի 6-7-ին Թուրքիայում զանգվածային հարձակումների թիրախ դարձած հույների, հայերի և հրեաների հիշատակին: Ըստ քննարկման մասնակիցների՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի օգտագործած՝ «Նոր Թուրքիա» տերմինը ոչ այլ ինչ է, քան փոքրամասնություններ ոչնչացրած նախորդ քաղաքականությունների շարունակություն, գրում է Today's Zaman-ը։
Ստամբուլում բազմաթիվ գիտնականների մասնակցությամբ անցկացված քննարկումը նպատակ ուներ լույս սփռել սեպտեմբերի 6-7-ի իրադարձությունների վրա ու բացահայտել Թուրքիայում ոչ մահմեդական համայնքների ներկայիս իրավիճակը։ Մասնակիցները անդրադարձել են «Նոր Թուրքիայի» գաղափարին՝ նշելով, որ այն հնարավոր կլիներ միայն այն դեպքում, եթե ոչ մահմեդական քաղաքացիները Թուրքիայում ունենային նույն իրավունքները, ինչ մահմեդական մեծամասնությունը։
«Ասենք ոչ ռասիզմին ու ազգայնականությանը» ասոցիացիայի անդամները հանդես են եկել հայտարարությամբ 1955 թվականի դեպքերի վերաբերյալ․ «Որպես «Ասենք ոչ ռասիզմին ու ազգայնականությանը» ասոցիացիայի ակտիվիստներ՝ մենք այսօր հավաքվել ենք՝ հարգելու սեպտեմբերի 6-7-ի դեպքերի զոհերի հիշատակը։ Փոքրամասնություններին թիրախավորող հարձակումների ժամանակ ավելի քան 400 ոչ մահմեդական կին բռնաբարվել է, 15 մարդ՝ սպանվել, ավելի քան 300 մարդ՝ ծանր վիրավորվել։ 4211 տուն, 1004 գրասենյակ, 73 եկեղեցի, 1 սինագոգ, 1 վանք, 26 դպրոց ու 5317 այլ վայրեր հարձակման են ենթարկվել ամբողջ երկրի տարածքում։ Ոչնչացված գույքի 59 տոկոսը պատկանել է հույներին, 12 տոկոսը՝ հրեաներին, 17 տոկոսը՝ հայերին։ Բախումների ընթացքում ոչնչացվել է նաև հավատափոխների, ինչպես նաև օտարերկրացի մահմեդականների գույք։ Դեպքերի հետևանքով ահագնացել է Թուրքիայից, մասնավորապես, Ստամբուլից ոչ մահմեդական փոքրամասնությունների արտագաղթը։ Տարբեր ազգային խմբերին վերացնելու եղանակով միատարր Անատոլիա ստեղծելու նախագիծն իրագործվում է 1913 թվականից ի վեր։ Այս տեսանկյունից, սեպտեմբերի 6-7-ի դեպքերը նպատակ ունեին ստեղծել հասարակություն, որը հիմնականում կազմված է թուրքական ինքնություն ունեցող սուննի մահմեդականներից»։
Ակտիվիստները նաև քննադատել են Էրդողանի արտահայտությունները վրացական ու հայկական ծագում ունեցող մարդկանց մասին՝ նշելով, որ նախագահի վիրավորական վերաբերմունքը հայերի նկատմամբ փոքրամասնությունների հանդեպ կառավարության կործանարար քաղականության ակնհայտ օրինակ է։ «Ցավոք, Թուրքիան այսօր էլ ընկալվում է որպես ցեղասպան երկիր, ու այդ կարգավիճակը որևէ կոնկրետ փոփոխության չի ենթարկվում»,- նշել են ակտիվիստները։
Հիշեցնենք՝ ավելի վաղ Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռուստատեսությամբ հայտարարել էր․ «Թող Թուրքիայի բոլոր թուրքերն ասեն, որ իրենք թուրք են, քրդերն ասեն՝ քուրդ են։ Դրանում որևէ վատ բան չկա։ Չեք հավատա, թե իմ մասին ինչեր են ասել։ Ասել են՝ վրացի եմ․․․նույնիսկ ավելի վատ, ինձ հայ են անվանել։ Բայց ես թուրք եմ»։