Երեկ՝ սեպտեմբերի 11-ին, Ոստիկանության Երևանի Նոր Նորքի բաժնի ծառայողը ներխուժել է օգոստոսի 30-ին ծանր հիվանդությունից մահացած ազատամարտիկ Գառնիկ Խչեյանի (Վարդենիսցի Հեբոյի)` այդ թաղամասում գտնվող վարձու բնակարան՝ նրան բերման ենթարկելու նպատակով, հայտնում է «Նախախորհրդարանը»։
Նախաձեռնության տարածած հաղորդագրության մեջ նշված է, որ բնակարանում եղել է միայն Գառնիկ Խչեյանի ուսանող դուստրը:
«Սա այն պարագայում, երբ Վարդենիսում և ամբողջ Հայաստանում որպես Լեոնիդ Ազգալդյանի ենթակայությամբ գործած ջոկատի հայտնի հրամանատարի մահվան լուրը զետեղվել է մամուլում և սոցիալական ցանցերում, իսկ Վարդենիսում տեղի ունեցած թաղման արարողությունը հայտնի իրադարձություն է եղել, որին մասնակցել են բազմաթիվ մարդիկ», – ասված է հաղորդագրության մեջ:
«Նախախորհրդարանը» հիշեցնում է, որ Գառնիկ Խչեյանի նկատմամբ ոստիկանական հալածանքը սկսվել էր այն բանից հետո, երբ նա պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի դատավարության ժամանակ հակադարձել էր իր և դատարանում գտնվող այլ ազատամարտիկների արժանապատվությունը վիրավորած դատավորին:
«Ոստիկանության այս քստմնելի արարքը վկայում է ռեժիմի անմարդկային և, միևնույն ժամանակ՝ ապիկար լինելու մասին:
Նախախորհրդարանի քարտուղարությունը դատապարտում է ազատամարտիկի հիշատակի անարգման և նրա ընտանիքի անդամների ահաբեկման ու նրանց արժանապատվության ստորացման գործողությունները և ռեժիմին ու նրա ծառաներին հիշեցնում է, որ առնվազն մինչև Ցեղասպանության 100-ամյա տարելիցը պատասխան են տալու ժողովրդի և օրենքի դատաստանի առջև», – նշում են հաղորդագրության հեղինակները: