Home / Հայաստան / Zara, Bershka, Pull&Bear և այլ խանութները խախտում են հայաստանցի սպառողների իրավունքները․ ՀԿ

Zara, Bershka, Pull&Bear և այլ խանութները խախտում են հայաստանցի սպառողների իրավունքները․ ՀԿ

Հայաստանում գործող մի շարք խանութներ խախտում են սպառողների իրավունքները՝ հրաժարվելով կազմակերպել գնված ապրանքի վերադարձը։ Այս մասին տեղեկացնում է «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ֊ն։

ՀԿ֊ն նշում է, որ համաձայն «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի՝ սպառողն իրավունքն ունի 14 օրվա ընթացքում փոխանակել անգամ պատշաճ որակի ապրանքը, եթե վերջինս չի օգտագործվել, պահպանված է ապրանքային տեսքը, առկա է գնումը հաստատող փաստաթուղթը (ՀԴՄ կտրոն կամ ապրանքային չեկ) կամ այն չի կարող օգտագործվել ըստ նշանակության, իսկ եթե սպառողի՝ խանութ դիմելու պահին բացակայում է նմանօրինակ ապրանք, ապա սպառողն իրավունք ունի ըստ իր ընտրության լուծելու առուվաճառքի պայմանագիրը և պահանջելու հետ վերադարձնել տվյալ ապրանքի համար վճարված գումարը: Հետևաբար «գնված ապրանքը ետ չի ընդունվում» կամ նմանօրինակ հայտարարություններն ու վահանակները հանդիսանում են օրենքի բացահայտ խախտում, ասված է կազմակերխության հաղորդագրության մեջ։

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի կողմից ապրիլ-հունիս ամիսներին իրականացվել էր շրջայցեր Երևան քաղաքի իրացման կետերում, տնտեսվարողներին ներկայացվել էր օրենքի պահանջը, անգամ հրավիրվել էր աշխատանքային քննարկում, որին ներկա էին ինչպես ոլորտը վերահսկող պետական լիազոր մարմնի և սպառողների շահերի պաշտպանությամբ զբաղվող ՀԿ ներկայացուցիչները, այնպես էլ տնտեսվարողներն ու վերջիններիս շահերի պաշտպանները:

Մասնավորապես, ըստ կազմակերպության հաղորդագրության, իրենք շարունակում են ստանալ բողոքներ կապված «Ռիթեյլ Գրուպ Արմենիա» ընկերության հետ, որտեղ տնտեսվարողը մշակել է ինքնուրույն քաղաքականություն ու ապրանքը ենթարկում է միայն փոխանակման, և անգամ, երբ սպառողը ոչ մի համարժեք ապրանք չի գտնում, հրաժարվում է կազմակերպել վերադարձը:

«Ռիթեյլ Գրուպ Արմենիա» ընկերության կազմում են գործում Զառա (Zara), Բերշկա (Bershka), Փուլ ընդ Բիըր (Pull&Bear), Մասսիմո Դյութի (Massimo Dutti), Ստրադիվարիուս (Stradivarius), Օյշո (Oysho), Մարքս ընդ Սփենսեր (Marks&Spencer), Գափ (Gap), Թոփ շոփ (Topshop), Սի ընդ Քեյ (C&K), Վալլիս (Wallis), Միսս Սելֆրիջ (Miss Selfridge), Ջեննեֆեր (Jennefer), Մոնսուն (Monsoon), Աքսեսորայզ (Accesorize), Լա Սենզա (La Senza), Նյու լուք (New Look), Բլանկո (Blanco), Սթիվ Մադդեն (Steve Madden), Չարլզ ընդ Քեյթ (Charles  & Keith), Սերջնթ Մեյջր, (Sergent Major), Գարաժ (Garage) խանութները, իսկ վերջին բողոքը Կազմակերպությունը ստացել է կապված Թոփ շոփ (Topshop) խանութի հետ: