2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Շոտլանդիան որոշեց մնալ Մեծ Բրիտանիայի կազմում․ Նալբանդյանն արձագանքեց հանրաքվեին

Շոտլանդիայում երեկ՝ սեպտեմբերի 18֊ին կայացած հանրաքվեի արդյունքում որոշվեց, որ Շոտլանդիան կմնա Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կազմում․ անկախության օգտին քվեարկել է բնակչության 41,5 տոկոսը, դեմ՝ 58,5֊ը, հայտնում է BBC֊ն։

Շոտլանդիայի առաջին նախարար Ալեքս Սալմոնդը հայտարարել է, որ ինքն ընդունում է «Շոտլանդիայի ժողովրդի կողմից ընդունված ժողովրդավար որոշումը»։

«Ես ողջ Շոտլանդիային կոչ եմ անում հետևել իմ օրինակին ու ընդունել Շոտլանդիայի բնակչության ժողովրդավար կամարտահայտությունը»,֊ ասել է նա։

Շոտլանդիայում կայացած անկախության հանրաքվեին անդրադարձել է նաև ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը․ «Անկախ հանրաքվեի արդյունքներից՝ շոտլանդացիների ազատ կամարտահայտությունը հանդիսանում է ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքի իրացման դրսևորում:

Որևէ երկրում, որտեղ հարգվում են մարդու իրավունքներն ու ժողովրդավարական ազատությունները, չի կարող չհարգվել ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքը»։