«Կոշ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Գառնիկ Ներսիսյանը մարտի 19-ին հեռախոսով պայմանավորվել է հիմնարկի պահպանության ապահովման բաժնի կրտսեր մասնագետ, արդարադատության ավագ սերժանտ Նարեկ Մամիկոնյանի հետ` կաշառք տալու պայմանով վերջինիս միջոցով «մարիխուանա» ձեռք բերելու մասին, հայտնում է ՀՔԾ֊ն:
ՀՔԾ֊ի լրատվական ծառայության փոխանցմամբ՝ քննությամբ չպարզված անձը Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհի Կոշ գյուղի սկզբնամասում տեղադրել է «Ախթամար» ծխախոտի տուփ, որի մեջ եղել է խոշոր չափերով թմրամիջոցը և կաշառքի գումարը: Տուփը վերցրել է Նարեկ Մամիկոնյանը` կաշառքի գումարը պահել է իրեն, իսկ թմրամիջոցը փորձել է փոխանցել Գառնիկ Ներսիսյանին, սակայն չի կարողացել: Պատճառները ՀՔԾ֊ն չի նշում։
Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար, ասված է ՀՔԾ֊ի հաղորդագրության մեջ։