«Բանդայի գործով» մեղադրյալ Քյարամ Ամոյանը, ում մասով գործն առանձնացվել է հիմնական գործից և առանձին է քննվում, սեպտեմբերի 22-ին տեղափոխվել է հոգեբուժարան: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում հայտնել է Ամոյանի պաշտպան Սամվել Հովհաննիսյանը: Պաշտպանի խոսքով՝ Ամոյանի առողջական վիճակը խիստ վատացել է, և բժիշկները խորհուրդ են տվել նրան նորից փորձաքննության ենթարկել: Սեպտեմբերի 17-ին դատարանը որոշել է նիստը մեկ ամսով հետաձգել, որպեսզի մինչ հաջորդ նիստը փորձաքննության արդյունքները պատրաստ լինեն: Ըստ փաստաբանի՝ այժմ Ամոյանը չի գիտակցում իր վիճակը, անընդհատ խոսում է տուն գնալու մասին:
Հիշեցնենք, որ Ամոյանի ձերբակալությունից հետո՝ 2011 թվականին, երիտասարդի մայրը բազմիցս ակցիաներ է անցկացրել նախագահական նստավայրի մոտ՝ բողոքելով որդու նկատմամբ հարուցված գործի, նրա նկատմամբ կիրառված խոշտանգումների, նրան տեսակցելու իրավունքը չհարգելու, բժշկական օգնություն ցույց չտալու դեմ։
Նա երկար ժամանակ պահանջում էր որդուն քաղաքացիական հիվանդանոց տեղափոխել՝ պատրաստակամություն հայտնելով վճարել հիվանդանոցային ողջ ծախսերը։ Ամոյանի մոր խնդրանքը երկար ժամանակ չի կատարվել, և երիտասարդի վիճակն էլ ավելի է վատացել։
Հիշեցնենք, որ գործով անցնում են 2011 թվականի սեպտեմբերին բնակարանային գողություններ կատարելու մեղադրանքով ձերբակալված 5 ամբաստանյալներ: Նրանց պաշտպանները հայտարարում են, որ ամբաստանյալների նկատմամբ խոշտանգումներ են իրականացվել, և դրանց հետևանքով կորզված ցուցմունքները չպետք է քննվեն դատարանում և մեղադրականի հիմք դառնան: Փաստաբանները պնդում են նաև, որ գործի քննությունն իրականացվում է բազմաթիվ խախտումներով։
Ամբաստանյալներից մեկը՝ 41-ամյա Արման Դալլաքյանը, 2013 թվականի սեպտեմբերի 7-ին մահացել է դատապարտյալների հիվանդանոցում: Նրա մայրը Epress.am-ին ասել է, որ որդուն ոչ միայն ծեծել են, այլև չեն թողել, որպեսզի ծնողները նրա բուժմամբ զբաղվեն: