Home / Տեսանյութեր / Ոստիկանությունից բացատրել են՝ ինչու Ոսկու շուկայում կատարվածի առթիվ քրեական գործ չի հարուցվի

Ոստիկանությունից բացատրել են՝ ինչու Ոսկու շուկայում կատարվածի առթիվ քրեական գործ չի հարուցվի

Ոստիկանությունը քրեական գործ չի հարուցելու երեկ Ոսկու շուկայում սեփականատեր Վաղարշ Աբրահամյանի կողմից առևտրականների սեղանները ջարդելու փաստի առթիվ: Այս մասին այսօր Epress.am-ին հայտնել է Ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնի ներկայացուցիչ Արմեն Մալխասյանը:

Հիշեցնենք, որ Աբրահամյանը ջարդել և հեռացրել է շուկայից 5 սեղան՝ արգելելով դրանց տերերին շարունակել ոսկի վաճառել իր շուկայում: Նախօրեին նա զգուշացրել էր, որ ով մասնակցի «Շրջանառության հարկի մասին» օրենքի դեմ ակցիային, այլևս չի աշխատի շուկայում:

«Որևէ հաղորդում հանցագործության մասին չենք ստացել»,- որոշումը բացատրելով՝ ասել է Մալխասյանը: Իսկ ԶԼՄ-ներում տեղադրված տեսանյութերը արդյո՞ք հաղորդում չեն հարցին Մալխասյանը պատասխանել է. «Բայց դրանց մեջ չի երևում ում սեղանն է ջարդվում, ով է տուժողը»:

«Դե, գուցե քրեկան գործի շրջանակներում դա հնարավոր լիներ պարզել»,- հուշել է լրագրողը: Մալխասյանը, սակայն, շարունակել է պնդել, որ Ոստիկանությունը բողոք չի ստացել:

Հիշեցնենք, որ երեկ Epress.am֊-ի թղթակիցը շուկայի շենքից դուրս եկած Աբրահամյանից հետաքրքրվել է՝ ինչու է մարդկանց զրկել աշխատանքից։ «Թող գնան ակցիա անեն», – մասնավորապես, ասել է սեփականատերը։

Նա հավելել է, որ «պատժել է» իր աշխատողներին, ովքեր բողոքում են նոր օրենքի դեմ: