հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Ֆինանսների փոխնախարարին զարմացնում է փոքր և միջին ձեռնարկատերերի բողոքը

Ֆինանսների փոխնախարարին զարմացնում է փոքր և միջին ձեռնարկատերերի բողոքը

ՀՀ Ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանին զարմացրել է փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտների կողմից ներկայացված անհանգստությունը հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող «Շրջանառության հարկի մասին» օրենքի փոփոխության և հարակից օրենքների կիրառման վերաբերյալ: Այս մասին նա ասել է այսօր Կառավարության նիստին:

Փոխնախարարի խոսքով՝ փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտները անհանգստանալու ոչ մի առիթ չունեն, քանի որ նրանց հարկային բեռը կտրուկ թեթևացվում է՝ հարկի դրույքաչափը 3.5 տոկոսից նվազում է մինչև 1 տոկոս: Նա ասել է, որ օրենքը ոչ թե ուղղված է փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտների նկատմամբ վարչարարական գործողություններ իրականացնելու, ամենօրյա հսկողություն, ամենօրյա վարչարարություն իրականացնելու, փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտներ ամենօրյա այցելություններ կազմակերպելու նպատակին, այլ ընդամենը օրենքով սահմանվածը. դա ըստ էության գործիք է, որը հնարավորություն է ընձեռելու խոշոր ձեռնարկատիրության նկատմամբ իրականացնել պատշաճ հսկողություն:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը համաձայնել է, որ բողոքողների մտահոգությունն իսկապես անհիմն է:

«Այս փաթեթով մենք մտածել ենք ամեն ինչ անել, աջակցել, որպեսզի փոքր և միջին բիզնեսը կայանա մեր երկրում: Ուղղակի մենք չենք հանդուրժելու, որ իրենք հարթակ դառնան, որպեսզի նպաստեն խոշորներին՝ հարկերը թաքցնել պետական բյուջեից»,- ասել է Աբրահամյանը:

Հիշեցնենք, որ նոր օրենքը, որի դեմ բողոքում են առևտրականները, նրանց խոսքով, նպատակ ունի էլ ավելի ծանր իրավիճակ ստեղծել մանր և միջին ձեռնարկատերերի համար, քանի որ տնտեսվարողները նախ պետք է նոր հսկիչ֊դրամարկղային մեքենաներ գնեն, որոնց արժեքը կազմում է 80 հազար դրամ։ Բացի դրանից, պետք է համակարգիչ ներմուծեն և հարկային մարմիններ ուղարկեն իրենց ունեցած ամբողջ ապրանքի մանրամասն նկարագրությունը՝ նշելով ապրանքի քանակը, ձևը, գույնը, այլ չափանիշներ։