Առավոտվանից ՀՀ կառավարության շենքի դիմաց հավաքված երևանյան տոնավաճառների մոտ 400 աշխատողներ սպառնում են գործադուլ սկսել և ընդհանրապես դադարեցնել գործունեությունը, եթե իշխանությունները չեղյալ չհամարեն հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող «Շրջանառության հարկի մասին» օրենքը։
Բողոքողները նշում են, որ օրենքն ամենևին էլ չի ենթադրում կրճատել ստվերը, ինչպես հայտարարում է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ Նրանցից ոմանք, ովքեր հիմնականում չեն ցանկացել ներկայանալ, պնդել են, որ նոր օրենքը նպատակ ունի էլ ավելի ծանր իրավիճակ ստեղծել մանր և միջին ձեռնարկատերերի համար։
Բողոքի ակցիայի մասնակիցները նշում են, որ այս պահին իրենք որպես հարկ վճարում են 3.5 տոկոս, ինչպես նաև՝ տոնավաճառներում տաղավարների վարձակալման դիմաց, ինչը հնարավարություն է տալիս քիչ թե շատ աշխատել։
Համաձայն նոր օրենքի, նրանք նախ պետք է նոր հսկիչ֊դրամարկղային մեքենաներ գնեն, որոնց արժեքը կազմում է 80 հազար դրամ։ Բացի դա, տնտեսվարողները պետք է համակարգիչ ներմուծեն և հարկային մարմիններ ուղարկեն իրենց ունեցած ամբողջ ապրանքի մանրամասն նկարագրությունը՝ նշելով ապրանքի քանակը, ձևը, գույնը, այլ չափանիշներ։
Կառավարության շենքի մոտ բողոքող անհատ ձեռներեցներից մեկն ասաց, որ իրենք պարզապես ունակ չեն նման ընթացակարգով անցնել, քանի որ պետք է «մի 3 հաշվապահ ունենան», ինչի համար միջոցներ չունեն։
Պետությունը նրանց նաև պարտավորեցնում է ապրանքների վերաբերյալ հաշիվ֊ապրանքագրեր ներկայացնել, ինչը, առևտրով զբաղվողների խոսքով, հնարավոր չէ, որովհետև ապրանք մատակարարող խոշոր ընկերություններն իրենց հաճախ ապրանքներին վերաբերող փաստաթղթեր չեն տրամադրում, բացի դա, նման փաստաթղթեր չունեն նաև ներմուծողները։
«Էս ստվերի ու կոռուպցիայի դեմ պայքար չի, կոռուպցիան լֆիկների (ՀՀԿ֊ական պատգամավոր, օլիգարխ Սամվել Ալեքսանյանի մականունը Լֆիկ է֊խմբ․) մոտ ա», ֊ ասել է բողոքողներից մեկը։
Ակցիայի մասնակիցներից Կարեն Ադամյանը նշել է, որ վերջին տարիներին փոքր ու միջին բիզնեսով զբաղվողների մոտ առևտրի ծավալները կտրուկ նվազել են, և օրենքն ընդունելու դեպքում, մոտ 50 հազար անհատ ձեռներեց ամբողջ երկրում պատրաստ է գործադուլ անել։
Մեկ այլ բողոքողի խոսքով՝ երբ բյուջեն զրկվի 1 միլիարդ դրամից, որը ստանում է հարկի տեսքով, իրենց կխնդրեն վերադառնալ ու նույն պայմաններով աշխատել։
Բողոքողների մոտ դուրս եկած վարչապետ Հովիկ Աբրահամյանը 20-հոգանոց պատվիրակություն է հրավիրել իր մոտ։ Բանագնացները վերադարձել են մոտ 1 ժամից՝ ասելով, որ զրուցել են վարչապետի և ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացուցիչ Արմեն Ալավերդյանի հետ։
Պատվիրակության անդամներից մեկը պատմել է, որ իշխանավորները հրաժարվել են քննարկել օրենքը հետ կանչելու հարցը։
«Ասում են՝ էս օրենքն ընդունել ենք մեծերին բռնելու համար, ձեզ մանր խախտումով բռնենք էլ, չենք տուգանի», ֊ նշել է մեր զրուցակիցը։
Երբ առևտրով զբաղվողները նշել են, թե խոշոր ներմուծողներն իրենց չեն տրամարդում հաշիվ֊ապրանքագրերը, պաշտոնյաները նրանց խորհուրդ են տվել դրանք խոշորներից պահանջել ու նրանց դեմ բողոքել։
«Ուզում են ինձ հաց տվողի դեմ բողոքեմ», ֊ դժգոհել է ակցիայի մանսակիցներից մեկը։
Հանդիպումից դժգոհ մարդիկ այս պահին փակել են Տիգրան Մեծի պողոտայից Հանրապետության հրապարակ մտնող ճանապարհը։ Նրանք վանկարկում են՝ «Ամոթ, ամոթ»։
Մոտ 20 րոպե անց ակցիայի անցկացման վայր են ժամանել մեծ թվով ոստիկաններ, որոնք սպառնացել են «մաքրել փողոցը» այն դեպքում, եթե ցուցարարները չբացեն ճանապարհը։ Ակցիայի մասնակիցները բացել են փողոցը, և այս պահին՝ կառավարության շենքի դիմաց քննարկում են իրենց հետագա անելիքները։