Home / Հայաստան / «Պատժել եմ»․ Ոսկու շուկայի տերը կոտրել է աշխատողների սեղանները (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

«Պատժել եմ»․ Ոսկու շուկայի տերը կոտրել է աշխատողների սեղանները (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

Երևանի ոսկու շուկայի սեփականատեր Վաղարշ Աբրահամյանը պատժել է «Շրջանառության հարկի մասին» օրենքի դեմ ակցիային մասնակցած աշխատողներին։ Այսօր Կառավարության շենքի մոտ հավաքվածները նշել են, երեքշաբթի իրենք որոշել էին ավելի զանգվածային ակցիա կազմակերպել, սակայն այսօր Ոսկու շուկայի և «Մալաթիա» տոնավաճառի սեփականատերերը աշխատողներին սպառնացել են բողոքելու դեպքում զրկել աշխատանքից։

Ոսկու շուկայի սեփականատեր Վաղարշ Աբրահամյանը կոտրել է բողոքի ակցիային մասնակցած աշխատողների սեղանները և արգելել իր տարածքում առևտուր անել։

2table

Շուկա այցելած Epress.am֊ի թղթակցին առևտրականները պատմել են, որ Աբրահամյանը զայրացել է՝ տեղեկանալով, որ աշխատողները առավոտյան շուկա չեն եկել բողոքի ակցիայի պատճառով։ Նրանց մի մասն էլ, իմանալով կատարվածի մասին, վերադարձել է աշխատավայր ու ստիպված տարբեր պատրվակներ հորինել առավոտյան գործի չգալու մասին։ Առևտրականները լացելով պատմում էին, որ իրենցից շատերը վարկ են վերցրել և չեն կարող կորցնել աշխատանքը։

1table

Epress.am֊ի թղթակիցը շուկայի շենքից դուրս եկած Աբրահամյանից հետաքրքրվել է՝ ինչու է մարդկանց զրկել աշխատանքից։ «Թող գնան ակցիա անեն», ֊ ասել է սեփականատերը։

– Դրա համար նրանց աշխատանքից զրկո՞ւմ եք։

– Ես պատժել եմ նրանց։

– Իսկ քանի՞ հոգու եք այդպես պատժել։

– Ես չեմ հաշվել, դուք գնացեք հաշվեք։ Էլ չեմ թողնելու աշխատեն մեր մոտ։

– Դուք նման հրամա՞ն եք ստացել, թե՞ ձեր կամքով եք անում։

– Ես եմ կատարում և իրավունք ունեմ։ Թող օրենքով աշխատեն։

– Իրենք սահմանադրությամբ իրավունք ունեն միտինգ անել։

– Թող անեն։ Ես էլ եմ գնում միտինգ անեմ։

– Դուք ինչ֊որ կուսակցության պատկանո՞ւմ եք։

– Այո։

– Ո՞ր։

– Ձեզ չեմ ասում, դա գաղտնիք ա։

Նշենք, որ տնօրինության սենյակում, որտեղ լրագրողներին թույլ չտվեցին մտնել, փակցված է Սերժ Սարգսյանը նկարը։

3table

Հիշեցնենք, որ նոր օրենքը, որի դեմ բողոքում են առևտրականները, նրանց խոսքով, նպատակ ունի էլ ավելի ծանր իրավիճակ ստեղծել մանր և միջին ձեռնարկատերերի համար, քանի որ տնտեսվարողները նախ պետք է նոր հսկիչ֊դրամարկղային մեքենաներ գնեն, որոնց արժեքը կազմում է 80 հազար դրամ։ Բացի դրանից, պետք է համակարգիչ ներմուծեն և հարկային մարմիններ ուղարկեն իրենց ունեցած ամբողջ ապրանքի մանրամասն նկարագրությունը՝ նշելով ապրանքի քանակը, ձևը, գույնը, այլ չափանիշներ։

Այս պահին կառավարության շենքի մոտ ակցիան շարունակվում է։ Մանրամասները՝ ավելի ուշ։