ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը ընդհանուր առմամբ դրական է գնահատել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ ՄԱԿ-ի ասամբլեայի 69-րդ նստաշրջանում հնչեցրած ելույթը։
Արզումանյանը կարևոր է համարել այն, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ այդ հարցին անդրադարձ է կատարվել ՄԱԿ֊ի ամբիոնից, քանի որ նման հնարավորություն միշտ չի ընձեռվում։
Սարգսյանի ելույթից պատգամավորը ևս մեկ դրույթ է առանձնացրել․ նրա խոսքով՝ արդեն 19 տարի հայր և որդի Ալիևները ՄԱԿ-ի ամբիոնից բարձրաձայնում են, որ Հայաստանը չի կատարում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևերը:
«Հայաստանում օգտագործում էին այդ բանաձևերը և տպավորություն ստեղծում, որ Հայաստանը դեմ է դրանց: Իսկ Սերժ Սարգսյանը այս անգամ վերջ դրեց այդ խոսակցություններին և հայտարարեց, որ Հայաստանը դեմ չէ այդ բանաձևերին», ֊ ասել է Արզումանյանը:
Պատգամավորը դրական է համարել նաև այն, որ Սերժ Սարգսյանը ելույթ էր ունենում առաջիններից մեկը, և Ադրբեջանը միայն պատասխանողի դերում էր հայտնվել։
Արզումանյանը կարևորել է նաև ելույթի՝ հայ֊թուրքական արձանագրություններին վերաբերող հատվածը՝ նշելով, որ թեև կողմ է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը, Արձանագրությունների որոշ կետերի հետ համաձայն չէ։
Ինչ վերաբերում է «գրողի ծոցը վավերացնեք» արտահայտությանը, ապա պատգամավորը դա հայհոյանք չի համարել, այլ ընդամենը իդիոմատիկ արտահայտություն, որը, նրա խոսքով, բավական լավ է թարգմանվել անգլերեն՝ go to hell:
«Հայհոյանք ես այնտեղ չեմ տեսնում: Մեկին կարող է դուր գալ, մյուսին՝ ոչ: Ինքս ՄԱԿ-ի ամբիոնից տարբեր հայհոյանքներ եմ լսել: Այս դահլիճն այնքան բան է տեսել, որ սա չէր զարմացնի», ֊ ասել է Արզումանյանը՝ հիշեցնելով Խռուշչովի, Չավեսի, Քադաֆիի ելույթները։
Նա նաև բնական է համարել, որ Սերժ Սարգսյանը ՄԱԿ֊ի ամբիոնից չի խոսել Հայաստանի քաղբանտարկյալներից։
«ՄԱԿ֊ը խոստովանահայր չէ, որ գնաս, խոստովանես քո մեղքերը։ ՄԱԿ֊ում քո երկրի շահերը պետք է առաջ տանես», ֊ եզրափակել է Արզումանյանը։