Հայաստանը պետք է վերանայի Եվրասիական տնտեսական միությանը միանալու իր որոշումը, քանի որ անցած մեկ տարվա ընթացքում իրավիճակը փոխվել է, և այժմ Ռուսաստանը սանկցիաների տակ է։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը։
Նրա խոսքով՝ այսօրվա Ռուսաստանի հետ պայմանագիր ստորագրելը կնշանակի «ընկերովի մահ»։ «Մենք ուզում ենք ընկերովի մահվան գնալ, բայց իրականում պետք է ընկերովի հարսանիքի գնալ»,- ասել է Արզումանյանը:
Ինչ վերաբերում է Ղարաբաղի հետ սահմանին մաքսակետ տեղադրելուն, ապա պատգամավորը վստահ է, որ եթե նման պայման դրվի, ապա Հայաստանը պետք է առաջարկի, որ Ռուսաստանի և Ղրիմի միջև ևս մաքսակետ տեղադրվի, քանի որ ԵՏՄ֊ի մեջ մտնող Բելառուսն ու Ղազախստանը Ղրիմը չեն ճանաչել։
Արզումանյանի խոսքով՝ այսօր Հայաստանի համար հարմար առիթ է ստեղծվել վերաբանակցելու Ռուսաստանի հետ։