Հոգեբուժական հաստատություններում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների վիճակը շարունակում է մնալ մտահոգիչ։
Այս մասին են վկայում բուժհաստատություններում «Հելսինկյան քաղաքացիական ասամբելայի» Վանաձորի գրասենյակի կողմից անցկացված ուսումնասիրության արդյունքները, որոնք հրապարակվել են այսօր 2013 թվականի տարեկան զեկույցի տեսքով։
Դիտարկումն անցկացվել է վեց մասնագետների կողմից՝ վեց բուժհաստատություններում՝ բուժվողների, բուժաշխատողների հետ հարցազրույցների (հարցվել է 255 մարդ) և փաստաթղթերի վերլուծության միջոցով։
Ըստ արդյունքների՝ հոգեկան խնդիրներ ունեցող անձանց նկատմամբ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք է դրսևորվում բուժհաստատություն նրանց բերելու, ընդունելու և դուրս գրելու ժամանակ, այսինքն՝ բոլոր փուլերում։ Մանասվորապես, մտահոգիչ ու կասկածելի է հարկադիր բուժման ենթարկելու որոշումների կայացումը, քանի որ դրա մասին դատական պրակտիկան հաճախ ձևական բնույթ է կրում։
Մյուս մտահոգիչ հարցը, ըստ մասնագետների, հիվանդների նկատմամբ ֆիզիկական զսպման միջոցների կիրառումն է։ Դա արվում է ոչ միայն բուժական նպատակներով, այլև անձին պատժելու, լռեցնելու համար։ «Որ խելոք չմնաս, սանիտարներն են տփում, X-ը մեկ֊մեկ է տփում` էտի քֆուր, մերով, բանով, բայց մեջից ճղվում է, երբ դու ես մի բան ասում»,֊ ասել է բուժվողներից մեկը։
Մասնագետները մատնանշում են նաև ՀՀ նյարդահոգեբուժականներում տարաբնույթ աշխատանքներում հիվանդների ներգրավումը։ Ըստ մոնիտորինգն անցկացրած Մարիետա Թեմուրյանի՝ հաճախ այդ աշխատանքները սանհանգույց մաքրելն ու ուրիշ հիվանդների մասին հոգ տանելն է, ինչը չի կարող համարվել աշխատանքային թերապիա, այլ պարզապես չարաշահում է։
Հաճախ անձինք իրենց ցանկությամբ են ներգրավվում նման աշխատանքներում՝ որպես փոխհատուցում ստանալով ծխախոտ, սնունդ։ «Աշխատանքային թերապիան պետք է, ուտում են, չաղանում»,֊ ասել է մի ավագ բուժքույր։
Իրավական օգնության մատչելիության մասով մոնիտորինգը բացահայտել է, որ հոգեկան խնդիրներ ունեցող անձնանց բուժհաստատություններում իրավաբանական աջակցություն չի ցուցաբերվում։
Ըստ Թեմուրյանի՝ հիվանդների մեծ մասը չի հավատում, որ իրենց դուրս են գրելու։ Նրանք վախենում են դառնալ, ինչպես իրենք են արտահայտվում, «վեչնի կոյկա»։