Այսօր ԱԺ-ում լսվել է Հանրային հեռուստառադիոընկերության 2013 թվականի գործունեության վերաբերյալ ընկերության խորհրդի հաղորդումը։ Այն ներկայացրել է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանը:
Վերջինս չի ներկայացրել թվային թվյալներ, այլ առանձնացրել է կատարված որակական փոփոխությունները: Նա բարեփոխում է համարել այն, որ սերիալների փոխարեն Հանրայինը ցուցադրում է 12 մասից բաղկացած ֆիլմեր:
ՀՀԿ խմբակցության որոշ պատգամավորներ գովել են հայրենասիրական հաղորդումները և առաջարկել ավելացնել դրանց քանակը: Օրինակ, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հորդորել է տարբեր ժամանակների հայկական ինքնապաշտպանական բանակների մասին հաղորդումներ ցուցադրել:
«Ես մի խնդրանք-ցանկություն ունեմ: Այս տարվա հուլիսի վերջին – օգոստոսի սկզբին ադրբեջանական դիվերսիայի արդյունքում մենք տեսանք, որ մեր ազգը միասնական է: Այդ հավաքական ներուժը պետք է խրախուսվի: ԱՄՆ Կոնգրեսը, ինչքան էլ դեմոկրատները և հանրապետականները տարբեր հարցերում վիճաբան են, կան հարցեր, որ միակամ են: Նույնը մենք տեսանք Ռուսաստանի դումայում և Դաշնային խորհրդում՝ Ուկրաինայի հետ կապված: Պետք է մտածված հաղորդաշարեր լինեն, որ մտածված ներարկեն յուրաքանչյուրիս մեջ գիտակցում, որ բոլորս նույն ճակատագիրն ունենք՝ դրսի հետ կապված հարցերում»,- ասել է ՀՀԿ֊ական Արտաշես Գեղամյանը:
Մեկ այլ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուզաննա Մուրադյանն էլ խորհուրդ է տվել պետության կողմից պարգևներ ստացած պետական, մշակութային այրերի մասին հաղորդումներ անել, քանի որ «նրանք են ժամանակակից հերոսները»:
Հայրենասիրական թեմաները Հանրայինով շոշափելը առաջնահերթություն են համարել ոչ միայն ՀՀԿ֊ի պատգամավորները։
Օրինակ, անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը խնդրել է Հանրայինով ավելի շատ տեղեկատվություն հաղորդել Ջավախքի մասին: Ըստ նրա՝ ի տարբերունուն Լեռնային Ղարաբաղի, Ջավախքի մասին հաղորդումները քիչ են։
ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ Ջաղինյանից հետաքրքրվել է՝ ինչ նախագծեր ունի Հանրայինը Հայաստանից դուրս ապրող մեր հայրենակիցների համար:
«Մենք պահում ենք շաբաթը մի հաղորդում Ջավախքի մասին, մի հաղորդում՝ Արցախի, որպեսզի մի տարվա ընթացքում ցուցադրենք: Եթե ավելի հաճախ անենք, կես տարվա ընթացքում հաղորդումները կվերջանան»,- պատասխանել է Ջաղինյանը: