35-ամյա Դիանա Նահապետյանին դանակի 21 հարվածով սպանելու մեջ մեղադրվող նրա ամուսնու՝ Վոլոդյա Մուրադյանի պաշտպան Անդրանիկ Մնացականյանը երեկ կայացած նիստի ժամանակ դատարանին միջնորդել է կրկին հարցաքննել գործով վկաներին՝ մահացած կնոջ դուստրերին։
Epress.am-ի հետ զրույցում Դիանա Նահապետյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Նարինե Մկրտչյանն ասել է, որ աղջիկներն այս պահին 14 և 18 տարեկան են, սակայն մորն իրենց աչքի առաջ սպանելու ժամանակ երկուսն էլ անչափահաս են եղել։
Պաշտպանը դատարանում առարկել է աղջիկներին կրկին դատարան կանչելու միջնորդությանը։ Նա ասել է, որ նրանք այդ դեպքի արդյունքում մեծ սթրես են տարել և նույնիսկ հոգեբանական օգնություն են ստացել։ Դատավոր Սարգսյանը, սակայն, պահանջել է կողմին ներկայացնել աղջիկների հոգեկան վիճակի մասին բժշկական փաստաթուղթ, որին ծանոթանալով միայն հնարավոր կլինի նրանց նորից չհարցաքննել, այլ վերանայել նրանց՝ արդեն տված ցուցմունքները։
Նիստը հետաձգվել է, որպեսզի կողմը բժշկական փաստաթղթեր ներկայացնելու ժամանակ ունենա։
Փաստաբան Մկրտչյանն ասել է, որ պաշտպանական կողմը կրկին փորձում է առաջ քաշել վարկած, թե ամուսինը գտնվել է հուզական վիճակում և չի գիտակցել, որ իր գործողությունները կարող են հանգեցնել կնոջ մահվան։
Սպանված կնոջ իրավահաջորդի ներկայացուցիչը, սակայն, հիշեցրել է, որ փորձաքննությունները ցույց են տվել, որ Վոլոդյա Մուրադյանը կումուլյատիվ աֆեկտի տակ չի գտնվել, նա եղել է «հոգեկան բարձր հուզական վիճակում», սակայն հանցանքը կատարելիս ամբողջովին գիտակցությունից զրկված չի եղել՝ այսինքն, մեղսունակ է և գիտակցելով է կատարել հանցանքը։