Home / Հայաստան / ՀԱԿ պատգամավոր․ «Ծառուկյանի՝ նախագահի պաշտոնում առաջադրվելու հարցը եռյակը չի քննարկել»․ Ազատություն

ՀԱԿ պատգամավոր․ «Ծառուկյանի՝ նախագահի պաշտոնում առաջադրվելու հարցը եռյակը չի քննարկել»․ Ազատություն

Խորհրդարանի ոչ իշխանական ուժերի քառյակը, իսկ այնուհետև նաև եռյակը երբևէ չեն քննարկել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի` Հայաստանի նախագահի պաշտոնում առաջադրվելու հարցը: Այս մասին «Ազատության» հետ զրույցում հայտարարել է ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը:

«Մեր ամբողջ այս համագործակցության ընթացքում երբևէ այդպիսի հարց չենք քննարկել», – մասնավորապես, ասել է Մանուկյանը` պատասխանելով հարցին, թե տեղյա՞կ էին արդյոք Գագիկ Ծառուկյանի՝ իր թեկնածությունն առաջադրելու որոշմանը: Հիշեցենք, որ երեկ ԲՀԿ ղեկավարը հայտարարել էր, որ պատրաստ է առաջադրել իր թեկնածությունը նախագահական ընտրություններում։

Լրագրողի ճշտող հարցին, թե հնարավո՞ր է արդյոք, որ երեք ոչ իշխանական ուժերի համագործակցության արդյունքում պարզվի, որ նրանց՝ նախագահի միասնական թեկնածուն կարող է Գագիկ Ծառուկյանը լինել, Մանուկյանը կրկին արձագանքել է, որ «այդպիսի հարց օրակարգում չի եղել, չկա»:

«Այդպիսի հարց քառյակում կամ եռյակում բացարձակ երբևէ չի քննարկվել», – ասել է Մանուկյանը:

Նրա խոսքով՝ իրենք հանրահավաքներով պատրաստվում են արտահերթ ընտրությունների․ «Վիճակն այնքան լարված է, ցուցանիշները այնքան տագնապեցնող են, արտագաղթը այնքան ահագնացող է, որ շատ լուրջ մարտահրավերներ կան Հայաստանի ազգային անվտանգությանը սպառնացող, և քաղաքական ուժերը հենց այդ ելման կետից է, որ այս գործընթացն են սկսել»:

Պատգամավորը նաև նշել է, որ Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքին արտաքին քաղաքական գործընթացներ չեն քննարկվելու:

«Շատ ավելի ուժեղ, դոմինանտ խնդրի առկայության պատճառով, այն է՝ Հայաստանի ներքին անվտանգությունը և ընդհանրապես գոյությունը, արտագաղթի այս պայմաններում, վտանգված է, և մեր խնդիրն է կասեցնել այս գործընթացը: Այդ առումով է, որ արտաքին մարտահրավերները գոնե այս հանրահավաքում քննարկման նյութ չեն լինելու: Այս շարժումը ոչ հակառուսական է, ոչ հակաեվրոպական է, ոչ պրո-ամերիկյան է: Սա Հայաստանի ներքին խնդիրների լուծման համար շարժում է», ֊ ասել է Մանուկյանը։