Home / Հայաստան / Բագրատյանն ասել է՝ ինչու Սերժ Սարգսյանն իրավունք չունի կողմ լինել սահմանադրական փոփոխություններին․ «Հրապարակ»

Բագրատյանն ասել է՝ ինչու Սերժ Սարգսյանն իրավունք չունի կողմ լինել սահմանադրական փոփոխություններին․ «Հրապարակ»

ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը համարում է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իրավունք չունի կողմ լինել սահմանադրական փոփոխություններին, որոնցով նվազեցվում է նախագահի դերը և ուժեղացվում է խորհրդարանի դերը։ Այս մասին նա ասել է «Հրապարակ» օրաթերթին տված հարցազրույցում։

«Այսօրվա համակարգն ունի մի քանի առավելություններ, որոնք փոխելուց հետո մենք կորցնում ենք ամեն ինչ։ Այսօր երկրում կա մեկ պատասխանատու։ Դա նախագահն է։ Նոր համակարգի դեպքում մենք անընդհատ վկայակոչելու ենք պառլամենտական մեծամասնությունը, որում կոնկրետ մարդ չենք գտնելու։

Այսօրվա նախագահը 2013֊ին ներկայացրել է նախագահական հայեցակարգ։ Եթե ինքը փոխում է Սահմանադրությունը, ապա, չսպասելով քվեարկության արդյունքներին, պետք է հեռանա քաղաքականությունից։ ՉԷ՞ որ նա գոնե ձևականորեն ընտրվել է իբրև նախագահական համակարգի կողմնակից։ Նա խախտում է իր ամենամեծ խոստումը։ Եթե նույնիսկ ինքն իր համար պարզել է, որ սխալվել է, ապա պետք է հրաժարական տա», ֊ ասել է Բագրատյանը։

Բացի դա, նա ընդգծել է, որ Հայաստանը պատրաստվում է անդամակցել Եվրասիական տնտեսական միությանը, իսկ այնտեղ գործում է, ուժեղ նախագահական ինստիտուտ։

«Մյուսը․ ո՞վ է տեսել՝ Ղարաբաղի հիմնախնդիրը վրաներս, հրաժարվենք ուժեղ նախագահական ինստիտուտից։ Համարյա պատերազմի շեմին ենք։ Իսկ միգուցե այստեղ իշխանությունը շանս չի տեսնում և անցնում է պառլամենտական համակարգի, որպեսզի հակառակորդին զիջումներ անելու պարագայում կոնկրետ պատասխանատուներ չլինե՞ն», ֊ նշել է ՀԱԿ խմբակցության պատգամավորը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում