Այսօր վարչական դատարանի դատավոր Ռուզաննա Հակոբյանը նիստերի դահլիճից դուրս է հրավիրել քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիին՝ «Ոտքի, դատարանն է գալիս» արտահայտությունից հետո չկանգնելու համար:
Դատավորն ասել է, որ դատարանից դուրս հրավիրելու սանկցիան, որ կիրառվել էր նաև ամիսներ առաջ կայացած նախորդ նիստին, ուժի մեջ է մնալու 32 ժամ: Նշենք, որ Գասպարին իր դեմ հարուցված բոլոր գործերով (12 վարչական հայց, 2 քաղաքացիական և մեկ քրեական գործ) նիստերի ընթացքում ոտքի չի կանգնում:
Այսօր ակտիվիստը հրաժարվել է լքել դահլիճը, և նրան բռնի ուժով դուրս են տարել կարգադրիչները։ Որպես բողոքի նշան նա մոտ 2 ժամ պառկել է նիստերի դահլիճի դիմաց:
Գասպարին նշել է, որ իր ակցիայի հասցեատերը լրատվամիջոցները չեն, այլ Հայաստանի դատարանները։
«Ես այդպիսով արտահայտում եմ իմ բողոքը ՀՀ դատարանի դեմ։ Ես դա անում եմ՝ հիշեցնելով, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) Հայաստանի դեմ քննված 52 գործերից 49֊ն ավարտվել են Հայաստանի Հանրապետության դեմ վճիռներով։ Եվ այդ վճիռների, այսինքն՝ դատարանի սխալների համար, պատասխանը տրվում է ՀՀ քաղաքացու վճարած հարկերից»,- ասել է Գասպարին:
Նա ընդգծել է, որ իր նկատմամբ վերաբերմունքի մեջ խնդիր չի տեսնում, քանի որ «մարտի 1-ին մարդիկ ընդամենը էսքանի համար գնդակահարվեցին՝ արդարություն պահանջելու համար»։
«Սա չնչին բան է, համեմատած էն մարդկանց, ովքեր կորցրեցին իրենց ընտանիքի անդամներին», ֊ ասել է Գասպարին։
Նշենք, որ այսօր գործի քննությունը շարունակվել է առանց Գասպարիի մասնակցության: Գործը հարուցվել է 2013 թվականին «Փակ շուկայի» դիմաց ակցիայի ժամանակ գրանցված միջադեպի առթիվ: Գասպարիի պաստառը գողացել էին, գործի քննության ընթացքում պարզվել էր, որ դա արել է ԱԺ պատգամավոր, օլիգարխ Սամվել Ալեքսանյանի աջակիցներից մեկը, սակայն, ինչպես նշում է ակտիվիստը, վարչական վարույթը սկսվել է հենց իր դեմ:
Ավելի վաղ դատական նիստերից մեկի ընթացքում ոտքի չկանգնելու համար Գասպարիի դեմ սանկցիա էր կիրառել նաև վարչական դատարանի դատավոր Արծրուն Միրզոյանը: