Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի ներկայացուցիչները դատավոր Ռաֆիկ Խանդանյանին կոչ են արել վճիռը հրապարակելիս անկախ լինել։ Գասպարիից գումար է պահանջում ոստիկանության աշխատակիցը։
Այսօր Վարչական դատարանում լսվել է քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի դեմ ոստիկանության հայցի և Գասպարիի հակընդդեմ հայցի քննությունը: Ոստիկան Դավիթ Սահակյանը Գասպարիից 50.000 դրամ փոխհատուցում է պանաջում իրեն վիրավորելու համար: Իսկ Գասպարին բողոքում է ոստիկանության անօրինական գործողությունների դեմ:
Այսօրվա դատական նիստին Գասպարիի ներկայացուցիչներ Տիգրան Եգորյանը, Սերգեյ Գրիգորյանը և Լուսինե Հակոբյանը հանդես են եկել ամփոփիչ ճառով՝ մի շարք պահանջներ ներկայացնելով դատարանին, մասնավորապես, պահանջելով մանրազնին կերպով անդրադառնալ ոստիկանության կողմից ներկայացված բոլոր ապացույցներին և կետ առ կետ անդրադառնալ հակընդդեմ հայցով ներկայացված Գասպարիի իրավունքների խախտումներին:
Վարդգես Գասպարիի ներկայացուցիչները նաև միջնորդել են դատավոր Ռաֆայել Խանդանյանին «քոփի փեյստ» չանել նախկինում կայացված թե՛ իր, թե՛ այլ դատավորների անօրակ վճիռներից և փորձել լինել անկախ:
Դատական վեճի հիմքը Հայաստանի և Ռուսաստանի միջև գազային պայմանագրի կնքման դեմ 2013 թվականի դեկտեմբերին կայացած բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանության գործողություններն են: ԱԺ շենքի մոտ 3000 ակտիվիստների բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանները մոտ 40 մետրանոց կենդանի շղթա էին կազմել՝ խոչընդոտելով քաղաքացիների տեղաշարժը և չբացատրելով այդ գործողության իրավական հիմքերը, նպատակները և իրավունքների սահմանափակման տևողությունը: Վարդգես Գասպարին խնդրել է ոստիկաններին բացատրել՝ ինչու է պատնեշ ստեղծվել և սահմանափակվել բողոքողների ազատ տեղաշարժի իրավունքը, սակայն, չստանալով պատասխան, հայտարարել է, որ ոստիկանները բթամիտ են, հանցագործ և սպասարկում են օլիգարխներին՝ «օլիգարխների կոշիկի լաթ են»: Մոտ մեկ ժամ անց պատնեշը վերացվել է, քաղաքացիները իրենց ակցիան շարունակել են երթով, սակայն Գասպարին բերման է ենթարկվել Ոստիկանության Արաբկիրի բաժին:
Ինչպես Epress.am-ին հայտնել է Գասպարիի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը, ոստիկանները խախտել են Գասպարիի հետևյալ իրավունքները. Առաջին՝ վարչական իրավախախտման արձանագրություն կազմելու համար ոստիկանները քաղաքացուն կարող են պահել բաժնում ոչ ավել, քան մեկ ժամ, իսկ Գասպարին պահվել է մոտ 4 ժամ: Երկրորդ՝ նրան իրավունքների, այդ թվում նաև փաստաբան ունենալու իրավունքի մասին հայտնել են միայն բացարություն վերցնելուց և անձնական զննության ենթարկելուց հետո, իսկ դա մարդու հիմնարար իրավունքների կոպիտ խախտում է:
Եգորյանը դատարանից պահանջել է նաև անդրադառնալ հետևյալ հարցերին․ Ինչո՞ւ է հենց Դավիթ Սահակյանը վիրավորվել՝ բոլոր ոստիկանների դեմ հնչեցված բողոք պարունակող արտահայտություններից, ի՞նչ ապացույցներ են առկա առ այն, որ Գասպարին հենց իրեն է վիրավորել, ինչ պատճառներով վարչական իրավախախտման (ոստիկանին վիրավորելու) մասին արձանագրությունը չէր կարող կազմվել տեղում, ինչո՞ւ է Գասպարին բերման ենթարկվել վիրավորական արտահայտություններն անելուց ամբողջ մեկ ժամ հետո, ինչո՞ւ ոստիկանները չեն հասցրել կազմել արձանագրությունը մեկ ժամվա ընթացքում: Գասպարիի ներկայացուցիչը նաև պահանջում է անդրադառնալ այն հարցին, թե արդյոք ոստիկան Սահակյանը այդ բողոքի ակցիայի ժամանակ և վայրում իրականացնում էր հասարակական կարգի պահպանություն, և ի՞նչ իրավական հիմքերով, քանի որ հակառակ դեպքում այդ ոստիկանին վիրավորելը չի կարող պատժվել վարչական տուգանքով:
Դատարանը պետք է վճիռը հրապարակի հոկտեմբերի 2-ին։
Նշենք, որ գործը քննող դատավոր Ռաֆիկ Խանդանյանը Արդարադատության խորհրդի անդամ Գագիկ Խանդանյանի որդին է և ՀՀ Կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանի փեսան: