Home / Տեսանյութեր / Գասպարիի դեմ հայց ներկայացրած ոստիկանը դատարանում ասել է, որ նյութերին ծանոթ չէ

Գասպարիի դեմ հայց ներկայացրած ոստիկանը դատարանում ասել է, որ նյութերին ծանոթ չէ

Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի դեմ երեք ոստիկանների բերած և 900.000 դրամի չափով բարոյական վնասի փոխհատուցում պահանջող հայցով գործի քննությունն այդպես էլ չի մտնում բուն դատավարության փուլ։ Պատճառը՝ ոստիկանների անընդհատ ու չպատճառաբանված բացակայություններն են։ Ինչպես հաղորդում է Epress.am-ի թղթակիցը, այսօրվա դատական նիստին չէին ներկայացել ոստիկաններ Խաչիկ Ավետիսյանը և Դիանա Վարդանյանը, իսկ ոստիկանության մեկ այլ աշխատակից Սոնա Մելիքյանը խնդրել է նիստը հետաձգել՝ ասելով, որ նյութերին ծանոթ չէ։ Ըստ ոստիկանի՝ դրանք Վարդանյանի մոտ են, իսկ վերջինս գտնվում է հիվանդանոցում։

Դատավոր Ռուբեն Ներսիսյանը նկատողություն է արել հայցվորին՝ նշելով, որ վերջինս ակնհայտ անբարեխղճությամբ է վերաբերվում գործին։

Նիստը հետաձգելու միջնորդությանն առարկել է Գասպարիի պաշտպան Տիգրան Եգորյանը։ Նրա խոսքով՝ դատարանը պետք է բացահայտի՝ արդյոք հայցվոր Դիանա Վարդանյանը հիվանդանոցում է, և ինչու նա չի դիմել նիստը հետաձգելու խնդրանքով։ Եգորյանը նկատել է նաև, որ հայցը ներկայացնող բոլոր մարդիկ պարտավոր են այն պաշտպանել, այսինքն՝ դա դատարանում կարող է անել նաև Սոնա Մելիքյանը՝ չսպասելով մյուսներին։

Այնուամենայնիվ, դատավորը հետաձգել է նիստը՝ հաջորդը նշանակելով սեպտեմբերի 18-ին, ժամը 16.30-ին։

Նշենք, որ ոոստիկանության 3 աշխատակիցները հայցում նշում են, որ վիրավորվել են Գասպարիի ասած «սիրկա», «հանցագործ» բառերից։

Ավելի վաղ Գասպարիի դեմ հայց էր ներկայացրել նաև ոստիկանության աշխատակից Աիդա Դեմիխանյանը, ով նույնպես վիրավորվել էր ոստիկանների հասցեին հնչեցրած արտահայտությունների համար։ Նա Գաասպարիից 1 միլիոն դրամ փոխհատուցում է պահանջում։