2015 թվականի պետական բյուջեից 65-66 միլիոն դրամ է հատկացվելու Հայաստանի մարզերի բոլոր դպրոցներում «Պատանի երկրապահ» ակումբների ստեղծմանը։ Այս մասին այսօր ԱԺ֊ում հայտարարել է Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ հիշեցնելով, որ նույնքան գումար էլ ակումբներին հատկացվել էր այս տարի։
Նա ասել է, որ հայրենասիրություն սերմանող ակումբների անրհաժեշտություն կա՝ հատկապես այս տարվա օգոստոսին հայ֊ադրբեջանական սահմանին հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի աճից հետո։
«Ամառվա միջադեպերը մեկ անգամ ևս ապացուցեցին, որ մենք չենք ավարտել մեր պատերազմը։ Մեզ ուրախացնում էր այն ոգին, որ կար հասարակության մեջ, որ միախմբված էր, միահամուռ էր։ Տարաձայնությունները երկրորդականի շուրջ մոռացել էր։ Այս ոգին պետք է շարունակել։ Երեխաները կարող են լինել ժողովրդավար, մոնարխիստ, անարխիստ, լիբերալ, բայց նրանք պարտավոր են լինել հայրենասեր։ Այն հանգամանքը, որ դրանով զբաղվում է հանրապետական Աշոտյանը, բայց ոչ որպես հանրապետական, այլ որպես նախարար, ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ գեներալ Մանվել Գրիգորյանը՝ որպես ԵԿՄ֊ի ղեկավար, ոչ որպես ՀՀԿ֊ական, Սեյրան Օհանյանը՝ որպես Պաշտպանության նախարար, պետք է ձեզ վստահություն ներշնչի, որ այս խնդիրը, ինստիտուցիոնալ կայացման ճանապարհին, խոչընդոտներ հաղթահարելով, լուծվելու է»,֊ ասել է Աշոտյանը։