Հայաստանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի արտագնա փակ նիստի մանրամասները լրագրողներին հայտնելը էթիկայի նորմերի խախտում է: Այս մասին այսօր Epress.am-ի հետ զրույցում ասել է պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը՝ անդրադառնալով այդ կապակցությամբ իր գործընկեր, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի դժգոհությանը։ Վերջինս անցյալ շաբաթ լրագրողների հետ հանդիպմանն ասել էր, որ Ստեփանակերտում արտագնա նիստը փակ անցկացնելու համար դիմում էր ներկայացրել Ալեքսանդր Արզումանյանը, իսկ նիստի ընթացքում քննարկվել էր նաև «Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետությունների անվտանգության ապահովման ռազմաքաղաքական հիմնադրույթների հայեցակետերի մասին» իր նախագիծը, որը, ըստ պատգամավորի, պետք է հրապարակային քննարկվեր:
«Հարցերի նրբանկատությունը հաշվի առնելով՝ որոշել ենք փակ նիստ գումարել: Տարբեր դեպքեր են եղել, օրինակ, ռազմական համագործակցության պայմանագրեր։ Որովհետև կարող են հրապարակվել այնպիսի մանրամասներ, որ հրապարակման ենթակա չեն»,- ասել է Արզումանյանը՝ չհաստատելով, որ փակ նիստ գումարելն իր գաղափարն էր:
Հիշեցնենք, որ օրինագիծը քննարկվելու է վաղը ԱԺ-ում: