«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը դիմեց միաժամանակ և իր գործընկերներին՝ ի դեմս Հայ ազգային կոնգրես ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների, և Հայաստանի ու Ղարաբաղի քաղաքական ու ռազմական ղեկավարությանը։
Ուղերձում, որը մամուլին է ուղարկվել նոյեմբերի 13-ին, նա ողջունում է ՀԱԿ֊ի ԲՀԿ֊ի միջև ընթացող թափանցիկ բանավեճը և առաջարկում «նախագիծ-հռչակագիր» ստորագրել։
Նույն նամակի հետգրությունում Հովհաննիսյանը դիմում է Հայաստանի և Ղարաբաղի նախագահներ և պաշտպանության նախարարներ Սերժին, Բակոյին, Սեյրանին ու Մովսեսին՝ կոչ անելով ճանաչել Արցախի անկախությունը, լծվել համազգային զորախմբման։
Ուղերձում ասված է․
– Խիստ ողջունելի է այս շրջանում գործընկեր կուսակցությունների հրապարակախոսությունը՝ ինչ էլ լինեն դրա դրդապատճառները: Իսկապես, ժամն է, որ Հայաստանի քաղաքացին և մեր հասարակությունը տեղեկացված լինեն ընթացիկ գործընթացների մասին, և որ քաղաքական անխտիր բոլոր ուժերն անցում կատարեն փակ պայմանավորվածություններից դեպի ժողովրդի համար թափանցիկ որոշումներ:
Ելնելով սրանից և նկատի առնելով այս տարվա ու, մասնավորապես, անցած ամիսների երևացող եւ չերևացող զարգացումները, ինչպես նաև վերջին շաբաթվա ընթացքում հրապարակված՝ կուսակցական և այլ տեսակետները, առաջ շարժվելու համար անհրաժեշտ ենք համարում հետևյալ կամ համարժեք փաստաթղթի պաշտոնական ընդունումն ու ստորագրումը:
«Նախագիծ
Հռչակագիր
Համաժողովրդական շարժման
Մենք, ի կատար հայ ազգի և Հայաստանի քաղաքացիների կամքի, հայտարարում ենք Համաժողովրդական շարժման ստեղծման մասին:
Շարժման հիմնական նպատակն ազատ, անկախ և սահմանադրական Հանրապետության հաստատումն է:
Դրան հասնելու հիմնական միջոցն է անհապաղ, ամբողջական և համակարգային իշխանափոխությունը՝ նախագահական ու խորհրդարանական արտահերթ ընտրությունների հրամայականով, որի միակ թիրախը ժողովրդին և քաղաքացուն պատկանող հաշվետու, իրավակարգ իշխանության ձևավորումն է:
Այս ուղղությամբ Շարժումը պատրաստ է դիմելու սահմանադրական բոլոր եղանակներին՝ մասնավորապես Հայաստանի ամբողջ տարածքով մեկ գործարկելով կենտրոնակայաններ (շտաբներ) ու զորակցման օղակներ, հաստատելով համապետական նշանակության քաղաքական խորհուրդ և հարակից այլ մարմիններ:
Շարժմանը վերաբերող բոլոր որոշումներն ընդունվում են բացառապես մեր միակարծության (consensus-ի) հիման վրա:
Շարժումը բաց է յուրաքանչյուր հայի ու հայաստանցու առջև:
Ուստի հանուն Հայրենիքի, մեր ժողովրդի և նրա ապագայի, մենք ստորագրում ենք սույն Հռչակագիրը մայրաքաղաք Երևանում, 2014 թվականի նոյեմբերի –ին»:
Հ.Գ.՝ և ոչ միայն: Սերժ, Բակո, Սեյրան, Մովսես, տղերք՝ մի մասդ դե յուրե, մյուսդ դե ֆակտո, արդեն գրեթե միևնույնն է: Արցախի պետականության հռչակումից 23 տարի անց՝ քանի ուղղաթիռներ, սպաներ, զինվորներ, հայ մարդիկ պետք է թշնամու գնդակից ու «դիվանագիտությունից» զգետնվեն, որ վերջապես հասկանաք ՁԵՐ եւ ՄԵՐ մեղքն ու սխալը՝ թե ներքին, թե արտաքին: Խոնարհվում ենք նրանց առջև:
Պետք է անմիջապես ճանաչել Արցախն ու իր տարածքային ամբողջականությունը և լծվել համազգային զորախմբման, իսկ դրա համար՝ կարող է ցավալի լինել, բայց հարկ է վեընթերցել վերոնշյալ հրամայականը:
Մարդ լինենք, տղամարդ լինենք, հայ լինենք՝ և ուրիշ ոչինչ: Սուրբ պատարագից՝ «Սա է ժառանգությունը քո»: