Այսօր ՀՀ Սահմանադրական դատարանը (ՍԴ) գրավոր ընթացակարգով քննել է Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն (ԵՏՄ) անդամակցելու պայմանագրի սահմանադրականության հարցը։
Նիստը տևել է ընդամենը 10 րոպե, ՍԴ֊ն որոշել է գրավոր ընթացակարգով անցկացնել լսումները, թեև ավելի վաղ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ֊ն Սահմանադրական դատարանից պահանջել էր հարցը քննել բանավոր ընթացակարգով։ ՀԿ֊ն նշել էր, որ, համաձայն օրենքի, միջազգային պայմանագրերը ՍԴ-ում քննարկվում են գրավոր ընթացակարգով, բացառությամբ այն դեպքերի, երբ տվյալ պայմանագիրը հանրային մեծ հետաքրքրություն է ներկայացնում:
ՍԴ֊ն, սակայն, չէր բավարարել ՀԿ֊ի պահանջը, ինչը նաև առաջացրել էր նիստին ներկա «Ազգային ինքնորոշում միավորում» (ԱԻՄ) կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանի դժգոհությունը։ Լրագրողների հետ զրույցում Հայրիկյանն ասել է՝ միայն այն, որ նման կարևոր հարցը քննվում է գրավոր ընթացակարգով և շատ կարճ ժամանակահատվածում, արդեն որոշման արդարության վերաբերյալ կասկածներ է առաջացնում։
Ըստ Հայրիկյանի՝ Սահմանադրական դատարանում 10 րոպեի ընթացքում բարձրացված հարցերը ֆիկտիվ էին ու պատասխաններ էլ չէին ակնկալում։ Մասնավորապես, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը հարցրել է զեկուցող ՀՀ ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանից՝ արդյոք ԵՏՄ֊ին անդամակցելու լույսի ներքո պետք է փոփոխություններ կատարել Հայաստանի՝ միջազգային կազմակերպություններին միանալու մասին օրենքում։ Կարայանը նշել է, որ նման փոփոխությունները հնարավոր են, սակայն այլ մանրամասներ չի ներկայացրել։
Նիստի ավարտը հայտարարելուց հետո, ՍԴ֊ն հեռացել է խորհրդակցական սենյակ։ Որոշման հրապարակման ժամկետի մասին կհայտարարվի ավելի ուշ։
Նշենք, որ կարճատև նիստի ընթացքում Սահմանադրական դատարանի շենքի մոտ էին հավաքվել մոտ 15 քաղաքացիներ։ Ինչպես հայտնում է Epress.am֊ի լրագրողը, նրանք անգամ չէին հասցրել բարձրաձայնել իրենց պահանջները, երբ մի քանի տասնյակ ոստիկաններ բռնի ուժով նրանց հեռացրեցին շենքի մոտից դեպի Բաղրամյան պողոտայի սկզբնամասը։ Քաղաքացիներն այդ ընթացքում վանկարկում էին «Ազատ, անկախ Հայաստան»։
Epress.am֊ն ավելի ուշ կներկայացնի տեսանյութը