2011 թվականին միանալով Առևտրի Համաշխարհային Կազմակերպության (ԱՀԿ) պետական գնումների համաձայնագրին՝ Հայաստանը հարմարեցրել է իր օրենսդրությունը եվրոպական համակարգին, իսկ այժմ պետք է գնումների մասին օրենսդրությունը հարմարեցվի Եվրասիական տնտեսական միությունում գործող կարգին։ Այդ միության համար տիպային է ՌԴ-ի օրենսդրությունը: Տվյալ խնդրի մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսել է «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հասարակական կազմակերպության փորձագետ Արտակ Մանուկյանը:
«Հայաստանն ԱՊՀ երկրներից միակն է եղել, որն օրենսդրության առումով իսկապես մոտեցել է Եվրոպական Միության չափորոշիչներին, և հիմա մենք վեկտորը փոխում ենք, գնում ենք դեպի Ռուսաստան, Բելառուս, որոնց օրենսդրության կատարելության աստիճանը ավելի ցածր է: Սա հետընթաց է: Մենք ԱՀԿ-ի գնումների համաձայնագրին միանալով ստանձնել ենք պարտավորություն, որ հայրենական և օտարերկյա ընկերությունների հանդեպ կկիրառենք նույն մոտեցումները, իսկ Ռուսաստանի պետական գնումների օրենսդրության մեջ հստակ գրված է՝ առավելությունը տրվում է հայրենական արտադրողին: Այսինքն՝ այստեղ կունենանք նաև իրավաբանական տիպի կազուս: Ո՞նց է մեր կառավարությունը փորձում լուծել այս ռեբուսը, հայտնի չէ»,- ասել է փորձագետը:
Նրա կարծիքով՝ այն պահին, երբ Հայաստանն արտոնություններ տա տեղական արտադրողներին, ԱՀԿ֊ն կքննարկի Հայաստանի՝ պայմանագրի կետերին դեմ գործելու հարցը:
ԱՀԿ-ի համաձայնագրով Հայաստանը նաև պարտավորվել էր բաց լինել կազմակերպության անդամ երկրների համար, սակայն այդ հնարավորությունից էլ այլևս Հայաստանը չի կարող օգտվել, կարծում է Մանուկյանը: