հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Տեսանյութեր / Եթե ԵՏՄ, ապա ԼՂՀ֊ի ճանաչում․ «Ժառանգությունը» դեմ է Սերժ Սարգսյանի քայլին

Եթե ԵՏՄ, ապա ԼՂՀ֊ի ճանաչում․ «Ժառանգությունը» դեմ է Սերժ Սարգսյանի քայլին

«Ժառանգություն» կուսակցությունը դատապարտում է Հայաստանի Հանրապետության անունից ԵՏՄ֊ին անդամակցելու մասին պայմանագրի ստորագրումը։ Այս մասին ասված է «Ժառանգության» տարածած հայտարարության մեջ։

Հայտարարության հեղինակներն ընդգծում են, որ հոկտեմբերի 10-ին պայմանագիրը ստորագրվել է «Հանրապետության դե ֆակտո նախագահ Սերժ Սարգսյանի» կողմից, և այն հակասահմանադրական քայլ է ընդդեմ Հայաստանի ու Արցախի ինքնիշխանության և «հայոց երկու պետականությունների անկախությանն ու անվտանգությանն ուղղված լրջագույն սպառնալիք»:

«Ժառանգությունը» նշում է, որ մերժում է ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության վերաբերյալ Սերժ Սարգսյանի միանձնյա, ապօրինի, հապճեպ ու որևէ հեռանկար չխոստացող որոշումը, որը կայացվեց առանց նախնական, թափանցիկ հանրային քննարկումների և քաղաքական ուժերի ներգրավման, ինչն էլ ավելի է խորացրել խնդրո առարկա որոշման նկատմամբ հասարակության մեծ մասի թերահավատությունն ու անվստահությունը:

Բացի դա, կուսակցությունն ընդհանրապես անընդունելի է համարում Հայաստանի Հանրապետության անդամակցումը միջպետական կամ վերպետական ցանկացած կառույցի՝ առանց առնվազն Հայաստանի կողմից նախօրոք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման:

«Ժառանգությունը» նաև կարևորում է «արցախա-ադրբեջանական մխացող հակամարտության կարգավորման հստակ ու համալիր ծրագրի հույժ անհրաժեշտությունը, որին առայժմ փոխարինում են գործող իշխանությունների շահերը սպասարկող «դիվանագիտությունը», քաղաքական կամքի իսպառ բացակայությունը և արտաքին քաղաքական զարգացումներից համարժեք շահաբաժին ստանալու անկարողությունը»:

«Ակներև է, որ ԵՏՄ-ում Հայաստանն իրականում հանդիսանում է ոչ այնքան որպես իրավահավասար գործընկեր, որքան ընդամենը «աղքատ ազգական» կամ գործիք՝ ուրիշների վրա ներգործելու համար, իսկ այս դեպքում Ադրբեջանին վճարվող նվազագույն գինն Արցախն է՝ Աստանայում հնչած երկակի ձևակերպումները վկա», ֊ նշված է հայտարարության մեջ:

Կուսակցությունը միանգամայն հասկանալի է համարում, որ «անարդար ընտրությունների միջոցով իշխանությունը բռնազավթած պարոն Սարգսյանն իրավասու չէ Հայաստանի ժողովրդի անունից կնքելու որևէ պայմանագիր, ստանձնելու որևէ պարտավորություն»:

««Ժառանգություն» կուսացկությունը վերահաստատում է, որ հակապետական սույն պայմանագիրը՝ իր առոչինչ ստորագրությամբ հանդերձ, չպետք է վավերացվի Ազգային ժողովում, իսկ վավերացման դեպքում՝ միմիայն Հայաստանի Հանրապետության կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման պարտադիր նախապայմանով:

Ակնհայտ է, որ այս և ածանցյալ բոլոր խնդիրների լուծման ամենակարճ ու արդյունավետ ճանապարհն այսօրվա իշխանությունների շուտափույթ ու ամբողջական հեռացումն է, ինչը թե՛ Հայաստանի քաղաքացիների գերակշիռ մեծամասնության և թե՛ Սահմանադրության հրամայական պահանջն է», ֊ եզրափակում են հայտարարության հեղինակները:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին ԲՀԿ֊ի, ՀԱԿ֊ի և «Ժառանգության» կողմից հրավիրված հանրահավաքի ժամանակ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը քննադատել էր ԵՏՄ֊ին անդամակցելու մասին Սերժ Սարգսյանի որոշումը։ ՀԱԿ նախագահ Լևոն Տեր֊Պետրոսյանը, իր հերթին, հայտարարել էր, որ ԵՏՄ֊ին անդամակցելը «այլևս անշրջելի իրողություն է, իսկ այդ առթիվ 2-3 տասնյակ անհատների ջղաձգումները արդեն վերածվում են զավեշտի»։