Home / Հայաստան / Հանրահավաքի մեսիջը՝ մարդկանց հետաքրքրում է հացը, ալ ոչ թե ազատությունը․ կարծիք

Հանրահավաքի մեսիջը՝ մարդկանց հետաքրքրում է հացը, ալ ոչ թե ազատությունը․ կարծիք

Հոկտեմբերի 10֊ին Երևանի Ազատության հրապարակում հանրահավաք կազմակերպած ոչ իշխանական կուսակցությունները ոչ միայն ընդհանուր, այլև ընդհանրապես ուղի որպես այդպիսին չունեն։ «Էխո Կավկազա»֊ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Քաղաքական ու միջազգային հետազոտությունների կենտրոնի փորձագետ, քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը՝ մեկնաբանելով «Բարգավաճ Հայաստան», «Ժառանգություն» և «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների 20-հազարանոց հանրահավաքի բովանդակությունը։

Մեհրաբյանն ընդգծել է, որ հանրահավաքն ընթանում էր այն րոպեներին, երբ Հայաստանի ղեկավարությունն ստորագրում էր «պուտինյան Ռուսաստանի հետ խայտառակ պայմանագիրը»։

«Այդ միջոցառման մեսիջն այն էր, թե իբր Հայաստանի հասարակությանն ընդհանրապես չի հետաքրքրում՝ Հայաստանը պետականություն, անկախություն ու ինքնիշխանություն կունենա, թե ոչ, այլ հետաքրքրում է միայն հանապազօրյա հացի հարցը։ Դա պարզապես քաղաքական ինտրիգ է, բայց ոչ քաղաքականություն, ու, ըստ էության, հակապատմական է, աննպատակ, հիմնված չէ որևէ հստակ արժեքների վրա, այլընտրանք չէ նրան, ինչի վրա հիմնված է իշխանությունը։ Ու Եվրասիական միության շրջանակներում, որտեղ Հայաստանի քաղաքական վերնախավը հասցրեց երկիրը, Հայաստանում ազատության, ժողովրդավարության, մարդու իրավունքների ու ազատությունների ուղղությամբ ինչ֊որ բան փոխելը պարզապես անլուծելի խնդիր է։ Այս ամենն ավելի շատ խորհրդային տարիներին առաջին քարտուղարի աթոռի շուրջ ներկուսակցական ինտրիգներ է հիշեցնում, ոչ ավելին»,֊ ասել է փորձագետը։

Միևնույն ժամանակ, նա նշել է, որ Հայաստանի հասարակության քաղաքականապես ակտիվ հատվածը, այնուամենայնիվ, իրական ժողովրդավարության, իրավունքի համար, կոռուպցիայի դեմ իրական պայքարի քաղաքական պատվեր ունի, սակայն ուժերը, որոնք կարող են իրենց վրա վերցնել այդ պայքարը, մասնատված են, պատրաստ չեն նման գործողությունների, ու քաղաքական սպեկտրի այդ հատվածը ֆունկցիոնալ առումով դեռևս դատարկ է։

Ալեքսանդր Կասատկին ֊ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ ստորագրել է Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության պայմանագիրը։ Հայաստանը, սակայն, այն չի հակադրում Եվրամիության հետ երկխոսությանն ու շարունակելու է բանակցությունները։ Ի՞նչ եք կարծում, Հայաստանի ղեկավարությանը կհաջողվի՞ շարունակել պահել հավասարակշռությունը Ռուսաստանի ու Եվրամիության շահերի միջև։

Ռուբեն Մեհրաբյան ֊ Կարծում եմ, որ անցած տարվա սեպտեմբերի 3֊ից ու այս տարվա հոկտեմբերի 10֊ի պայմանագրից հետո Հայաստանի համար մանևրելու դաշտը կտրուկ նեղացել է։ Իմ կարծիքով՝ դա պարզապես հռետորաբանություն է։ Ի՞նչ է նշանակում երկխոսություն Եվրամիության հետ։ Եվրամիության հետ երկխոսություն են վարում անգամ աֆրիկյան երկրները, բայց դա ոչինչ չի նշանակում։ Հայաստանն այժմ ոտքով֊ձեռքով կապված է Ռուսաստանի հետ, Հայաստանի տնտեսական ու առևտրական քաղաքականությունն ամբողջությամբ հանձնվել է Ռուսաստանին։ Հայաստանը փաստորեն ինքն իրեն զրկում է ինքնիշխանությունից՝ հաշվի առնելով այն, որ Ռուսաստանը Հայաստանում մեծ ազդեցություն ունի նաև քաղաքական, ռազմական, տեղեկատվական, էներգետիկ ու մի շարք այլ ոլորտներում։ Կարելի է ասել, որ քաղաքական վերնախավը Հայաստանին որպես պատանդ է հանձնել Ռուսաստանին՝ քաղաքական դաշտում իր հետագա ներկայության ու քաղաքական իշխանության լծակների հասանելիության դիմաց։ Մենք, ցավոք, գործ ունենք Հայաստանի ներսում ծայրահեղ ապակառուցողական գործընթացի հետ, հետևաբար, ասել, որ կարելի է ինչ֊որ կերպ հավասարակշռություն պահել, միամտություն է։ Որևէ հավասարակշռություն չի լինելու։ Արդեն իսկ մեծ անհավասարակշռություն կա, ավելին, Հայաստանն արել է մի քանի քայլ, որոնք երկրին պարզապես զրկում են ինքնուրույն քաղաքական որոշումներ կայացնելու հնարավորությունից։