ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կուլիսներում մտահոգություններ են հնչում Հայաստանին մատակարարվող ռուսական գազի գնի հնարավոր բարձրացման շուրջ, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը՝ հղում կատարելով իր աղբյուրներին:
Անցած տարեվերջին «Գազպրոմի» հետ կնքված պայմանագրի համաձայն, Հայաստանին մատակարարվող գազի զինը առաջիկա 5 տարիներին պետք է մնա անփոփոխ, սակայն կա մի վերապահում, ըստ որի, այդ գինն ուղղակիորեն փոխկապակցված է ՌԴ-ի ներքին գների հետ: Եթե ՌԴ-ում ներքին գները բարձրանան, ապա կբարձրանա նաև Հայաստանին մատակարարվող գազի զինը:
Թերթը նշում է, որ նախարարությունում սպասումներ ունեն, թե նավթի գների կտրուկ անկման հետևանքով նավթագազային համալիրի ֆինանսական կորուստները Ռուսաստանի իշխանությունները կփորձեն մասամբ փոխհատուցել գազի ներքին գնի բարձրացման հաշվին: Ըստ այդ սպասումների, գազի գնի փոփոխությունը հնարավոր է արդեն հաջորդ տարվա գարնանը։