ՀՀ նախագահի նստավայրի դիմացի մայթին՝ Մարշալ Բաղրամյան մետրոյի կայարանի մոտ, արդեն երրորդ օրն է նստացույց և անժամկետ հացադուլ են անում Առուշանյան ամուսինները: Նրանք բողոքում են իրենց որդու՝ Աշոտ Առուշանյանի գործով կայացված դատավճռի դեմ:
Աշոտի հայրը՝ Լավրենտի Առուշանյանը, Epress.am-ին հայտնել է, որ երեք օրվա ընթացքում նախագահական նստավայրից որևէ մեկը դուրս չի եկել, չի հարցրել բողոքի մասին:
Epress.am-ի հետ զրույցում ՀՀ նախագահի նամակների և քաղաքացիների ընդունելության բաժնի պետ Աիդա Ասատրյանը հրաժարվել է որևէ բան ասել հացադուլ անող ընտանիքի մասին. «Հարգելի թղթակցուհի, դուք արդեն շատ հարց տվեցիք, փողոցում ենք, չէ՞»: Մինչ այդ Աիդա Ասատրյանին խնդրել էինք բացատրել՝ ինչո՞ւ նախագահը չի ընդունում նստավայրի դիմաց պարբերաբար ակցիա անցկացնող բանակում խաղաղ պայմաններում որդիներին կորցրած ծնողներին: Ասատրյանն ասել էր․ «Այդ մասին զեկուցված է»:
Առուշանյանները տեղեկացրել են նաև, որ իրենք հացադուլի մասին իրազեկել են Երևանի քաղաքապետարանին, որպեսզի իրենք լինեն բժիշկների հսկողության տակ։ Քաղաքապետարանից նրանք առայժմ որևէ պատասխան չեն ստացել։