Home / Տեսանյութեր / Անչափահասին ծեծելով և սպառնալով են ստիպել ընդունել մեղքը, պնդում է մայրը

Անչափահասին ծեծելով և սպառնալով են ստիպել ընդունել մեղքը, պնդում է մայրը

16-ամյա ամբաստանյալ Հայկ Աղամալյանը (լուսանկարում) պնդում է, որ դանակով չի հարվածել 2014 թվականի ապրիլի 9-ին ծեծկռտուքի ժամանակ մահացած 16-ամյա Տիգրան Հայրապետյանին։ Վերջինիս ծնողները նոյեմբերի 14-ին կայացած դատական նիստի ընթացքում պնդել են, որ Աղամալյանը իր ցուցմունքը փոխել է նոր փաստաբանի հորդորով։ Մինչդեռ ամբաստանյալը հայտարարել է, որ ցուցմունքը փոխել է ոչ թե նոր փաստաբանի ներգրավվելուց հետո, այլ՝ տեսնելով սպանվածի լուսանկարը։ Նրա խոսքով՝ ինքը մասնակցել է ծեծկռտուքին ու դանակով հարվածել է իրեն անհայտ անձի, ու սկզբում չէր կարող պնդել, որ այդ մարդը չի մահացել, սակայն, տեսնելով Հայրապետյանի լուսանկարը, հասկացել է, որ ինքը սպանվածին չի հարվածել։

«Այս ամենի հետ կապված իմ և պաշտպանիս միջև հակասություն առաջացավ, և ես հրաժարվեցի նրա ծառայություններից: Միայն երկրորդ պաշտպանի ներգրավվելուց հետո եմ հարցաքննվել և ասել, որ Հայրապետյանին չեմ խփել», – նոյեմբերի 14-ին կայացած դատական նիստին ասել է Հայկ Աղամալյանը:

Դատական վիճաբանությունների փուլում խոսել է նաև անչափահասի մայրը՝ Նարինե Աղամալյանը: Նա ասել է, որ որդուն ոստիկանները բռնի ուժով բաժին են տարել տատիկի տանից, թույլ չեն տվել, որպեսզի նրա հետ լինի մանկավարժ, փաստաբան կամ ծնող, ոստիկանությունում ծեծել են:

«Խփել են ողնաշարհին, ինչի հետևանքով նա ուշագնաց է եղել: Ասել են՝ պետք է խոստովանես, որ դու մարդ ես սպանել, եթե մտածում ես մայրիկիդ ու քույրիկիդ մասին»,- նիստի ընթացքում պատմել է Աղամալյանի մայրը:

Աղամալյանի դեմ մեղադրանքը առաջադրվել է ծեծկռտուքին մասնակցած Մարտին Գևորգյանի ցուցմունքով: Նա ասել է, որ Աղամալյանը հարվածել է Հայրապետյանի կրծքին, մինչդեռ կրծքին հարված տուժողը առհասարակ չի ստացել: Պաշտպանական կողմը պահանջում է Գևորգյանի դեմ գործ հարուցել՝ սուտ վկայություն տալու հատկանիշներով:

Tekali Taxi