Պարզվում է՝ Սյունիքի մարզի Գորիս քաղաքում հացը չի էժանացել․ այն, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, արժե 200 դրամ, գրում է «Հայկական ժամանակը»։ Հոկտեմբերին Սյունիքի մարզպետարանը հաղորդագրություն էր տարածել՝ մասնավորապես, նշելով, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը՝ Լիսկան, հանդիպել է հաց արտադրողների հետ, որի ընթացքում որոշում է կայացվել 600 գրամ հացը վաճառել 200 դրամով, մինչդեռ մինչ այդ 500 գրամանոց հացը, ըստ հաղորդագրության, վաճառվել է 240 դրամով:
Երեկ Գորիսում «ՀԺ»-ի թղթակցի կատարած հարցման ընթացքում պարզվել է, որ գորիսեցիները ոչ միայն տեղյակ չեն այսպես ասած հացի էժանացումից, այլև պնդում են, որ հացը, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, արժե 200 դրամ։
Բժշկուհի Էլմիրա Հայրապետյանն ասել է, որ ինքը մշտապես հացը գնել է 200 դրամով։ «Հացը 240 դրամ չի եղել, այլ՝ 200։ Սոցիալապես ժողովրդի վիճակը շատ վատ է, մարդիկ առանց աշխատանք են, շատ նեղված վիճակում են։ Իրենք կարող են ոչ միայն հացը էժանացնել, այլ ամեն ինչ», ֊ ասել է բժշկուհին։
Խանութների աշխատակիցներն էլ թերթի թղթակցին ասել են, որ միայն հացի քաշն է ավելացել, իսկ գինը մնացել է նույնը։ Սուպերմարկետներից մեկում էլ պատասխանել են, որ ոչ մի փոփոխություն ոչ հացի գնի, ոչ էլ քաշի մեջ չի եղել։ «Որքան հիշում եմ՝ ութ ամիս առաջ հացի գինը 220 դրամ էր, հետո սարքեցին 200 դրամ, տենց էլ մնաց, ոչ մի փոփոխություն դրանից հետո չի եղել, անգամ՝ քաշի մեջ», ֊ ասել է սուպերմարկետի աշխատակիցը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում