Home / Հայաստան / Երևանը հետաձգել է Ադրբեջանին խոստացած «ցավոտ հետևանքները»

Երևանը հետաձգել է Ադրբեջանին խոստացած «ցավոտ հետևանքները»

Եթե նոյեմբերի 12֊ին ադրբեջանական զինված ուժերի կողմից հայկական ուղղաթիռի խոցվելուց անմիջապես հետո ՀՀ ՊՆ֊ն, ի դեմս մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի, Ադրբեջանին «շատ ցավոտ հետևանքներ» էր խոստանում, ապա ութ օր անց ռազմական գերատեսչության ղեկավարն արդեն խոսում է իրավիճակի կարգավորման «դիվանագիտական ուղիների» մասին։

Երեք օդաչուների դիակները մինչ օրս գտնվում են Ղարաբաղի ու Ադրբեջանի բանակների մարտական դիրքերի միջև։ Պաշտոնական Բաքուն միջազգային դիտորդներին թույլ չի տալիս այցելել ուղղաթիռի անկման վայր, Ադրբեջանի զինված ուժերը նշված տեղամասը մշտական կրակի տակ են պահում։

Նոյեմբերի 20֊ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է․ «Այսօր մենք մեր ջանքերն ուղղել ենք դիվանագիտական ճանապարհով հարցը լուծելուն: Կարծում ենք՝ մեր հարևանները կհասկանան, որ, ի վերջո, միջազգային մարդասիրական նորմերի կանոնների համաձայն, պետք է թույլատրվի թեկուզ ուղղաթիռի ընկած վայրի կամ եթե թեկուզ մարտական գործողությունների վայր էլ լինի, գործողություններից հետո այդ վայրի ուսումնասիրումը և այնտեղ մնացած աճյունների ուսումնասիրումն ու տեղափոխումը: Այլ տարբերակներ ուժի մեջ միշտ էլ կան, բայց առայժմ մեր ջանքերն ուղղված են դիվանագիտական ճանապարհով հարցի լուծմանը»։

Պաշտոնական Ստեփանակերտը, իր հերթին, արձագանքել է Բաքվի՝ օդաչուների դիակները հուլիսին ձերբակալված ադրբեջանցիների հետ փոխանակելու առաջարկին։ ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է, որ բացառվում է Դիլհամ Ասքերովի ու Շահբազ Գուլիևի փոխանակումը խոցված ուղղաթիռի անձնակազմի հետ։

Փոխանակման առաջարկը հնչեցրել էր Ադրբեջանի Միլի մեջլիսի պատգամավոր Էլման Մամեդովը․ «Մեր քաղաքացիներին հայկական գերությունից ազատելու համար լավ հնարավորություն է ստեղծվել, ու Ադրբեջանի իշխանությունները պետք է օգտվեն դրանից։ Ես Ադրբեջանի իշխանություններին առաջարկում եմ մահացած հայ օդաչուներին փոխանակել ադրբեջանցի երկու գերիների հետ, ովքեր ենթարկվում են խոշտանգումների, և ում գործով Խանքենդիում (Ստեփանակերտ) դատավարություն է ընթանում»։

Լեռնային Ղարաբաղի դատախազությունը Դիլհամ Ասքերովին ու Շահբազ Գուլիևին, ինչպես նաև ձերբակալման պահին սպանված (պաշտոնական վարկած) Հասան Հասանովին, մեղադրում է լրտեսության, առանց պատշաճ թույլտվության Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պահպանվող պետական սահմանը կազմակերպված խմբի կողմից հատելու, կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք կրելու, մարդուն բացահայտ առևանգելու, զենքի գործադրմամբ, մարդուն առևանգելով զուգորդված ազգային ատելության շարժառիթով սպանության, կազմակերպված խմբի կողմից ազգային ատելության շարժառիթով երկու անձանց սպանության փորձի մեջ:

Պաշտոնական մարմինների համաձայն՝ Ասքերովն ու Գուլիևը Քելբաջարի տարածքում առևանգել և սպանել են 17-ամյա Սմբատ Ցականյանին։ Բացի դա, ադրբեջանցիները սպանել են 42-ամյա մայոր Սարգիս Աբրահամյանին և վիրավորել են 37-ամյա Կարինե Դավթյանին։

Նրանց նկատմամբ դատավարությունն ընթանում է Ստեփանակերտում, նրանց փաստաբանները տեղի հայեր են, թարգմանիչ նրանց չի տրամադրվել։ Ամբաստանյալներն իրենց մեղքը չեն ընդունում։

Սպանված երիտասարդի հայրը՝ Մեխակ Ցականյանը, «Ազատության» հետ զրույցում ևս հայտարարել է, որ կտրականապես դեմ է փոխանակմանը։

Tekali Taxi