«Սկզբնական շրջանում էյֆորիա էր տիրում, թե՝ «ուռա, խփեցինք», Youtube֊ում տեղադրվեց ու տարածվեց տեսանյութ, որը զինվորը նկարահանել էր բջջային հեռախոսի միջոցով։ Հետագայում, սակայն, կարծիքները կիսվեցին»։ Այսպես է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի ադրբեջանական գրասենյակի տնօրեն Շահին Ռզաևը մեկնաբանել Ադրբեջանի զինված ուժերի կողմից ԼՂՀ ՊԲ ուղղաթիռի ոչնչացումից հետո ստեղծված իրավիճակը։
«Մեդիա կենտրոնում» Բաքվի հետ կազմակերպված հեռուստակամուրջի ժամանակ Ռզաևը նշել է, որ կարծիքները կիսվեցին, քանի որ ԶԼՄ֊ներն սկսեցին տարածել ուղղաթիռը խոցած զինվորի անձնական տվյալներն ու ցուցադրել ռազմական դիրքերը․ «Ոմանք ասում էին, թե դա ռազմական գազտնիքի խախտում է, որ նման կերպ վտանգի են ենթարկում զինվորին, նա կարող է դառնալ պատասխան գործողությունների թիրախ։ Մյուսները վստահ էին, որ երկիրը պետք է ճանաչի իր հերոսներին»։
Ռզաևի խոսքով՝ Պաշտպանության նախարարության՝ զինվորին պարգևատրելը կանաչ լույս էր լրագրողների համար, որից հետո նրանք սկսեցին տարածել տեղեկություններ նրա ու նրա ընտանիքի մասին։ «Լրագրողները որոշեցին, որ եթե ՊՆ֊ն նրա անունը նշում էր, ապա իրենք էլ կարող են։ Ցույց էին տալիս նրա ընտանիքին, դպրոցական ընկերներին։ Դա շարունակվում էր 2֊3 օր։ Հետո հանգստացան ու որոշեցին մի փոքր թուլացնել էյֆորիան ու վերադառնալ ամենօրյա աշխատանքին»։
Ինչպես հայտնում են ադրբեջանական ԶԼՄ֊ները, ՄԻ֊24 ուղղաթիռը խոցվել է ռուսական «Իգլա» շարժական զենիթային հրթիռային համակարգի միջոցով՝ Իլքին Մուրադովի (լուսանկարում) կողմից։ «Azərbaycan Ordusu» թերթի հետ զրույցում նա պատմել է․ «Մենք տեսանք, որ մեր ուղղությամբ գալիս է երկու ՄԻ֊24 ուղղաթիռ։ Անմիջապես այդ մասին հայտնեցինք հրամանատարական կետ: Մենք հրահանգ ստացանք ոչնչացնել ուղղաթիռները, եթե դրանք մոտենան մեր դիրքերին։ Ուղղաթիռներն արագ մոտենում էին՝ գնդակոծելով մեր դիրքերը։ Առաջնամասում կանգնած մեր զինվորներն սկսեցին կրակել ինքնաձիգներից ու գնդացիրներից, ու ուղղաթիռները թեքվեցին ձախ։ Ես թիրախավորեցի հետևից թռչող ուղղաթիռն ու սեղմեցի ձգանը»։
Ադրբեջանական ԶԼՄ֊ների կողմից տարածված տեսանյութում երևում է, որ ՄԻ֊24-ի խոցման պահին ուղղաթիռները կրակ չէին բացել, թռչում էին զորքերի շփման գծի երկայնքով ու թեքվում էին ադրբեջանական դիրքերին հակառակ ուղղությամբ։
Հիշեցնենք՝ ԼՂՀ ՊԲ ուղղաթիռը խոցվել է ադրբեջանական զինված ուժերի կողմից նոյեմբերի 12-ին։ Խոցման հետևանքով զոհված երեք զինծառայողներն են ուղղաթիռի հրամանատար մայոր Սերգեյ Սահակյանը, ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը և լեյտենանտ Ազատ Սահակյանը: Մինչ օրս հնարավոր չէ մոտենալ ուղղաթիռի ընկնելու վայրին, քանի որ, հայկական կողմի վկայությամբ, ադրբեջանցիները կրակի տակ են պահում նշված տեղամասը։