ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կարծում է, որ այս օրերին Լեռնային Ղարաբաղում ընթանում են ԼՂՀ պաշտպանության բանակի և ՀՀ զինված ուժերի համագործակցության շրջանակներում «երբևէ անցկացված ամենախոշոր, լայնամասշտաբ, ամենաօգտակար, զորավարժությունները»։
Անդրադառնալով ՄԻ-24 ուղղաթիռի խոցմանը՝ Սարգսյանը հայտարարել է, որ, չնայած ցավալի դեպքին, ինքը համարում է, որ զորավարժությունները հաջողությամբ են ընթացել:
«Մենք բոլորս հիշում ենք ամեն ինչ, և լինելու է հատուցման օրը: Ձեր խնդիրը շատ պարզ է՝ նույն ոգով շարունակել: Ես բազմաթիվ անգամ ասել եմ և հիմա էլ կրկնում եմ՝ Ադրբեջանի Հանրապետության կողմից 90-ական թվականների սկզբից սանձազերծված պատերազմը արդյունք էր նաև այն բանի, որ նրանք մեզ թերագնահատեցին, և, եթե Աստված մի արասցե, մեկ անգամ ևս նրանք սանձազերծեն պատերազմ, ապա մենք ունենալու ենք մեղքի մեր բաժինը այնքանով, որքանով հնարավորություն տվեցինք նրանց թերագնահատելու մեզ», ֊ ՀՀ նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ զորավարժությունների մասնակիցներին ասել է Սերժ Սարգսյանը։
Նրա խոսքով՝ զինծառայողների վարպետությունը ստիպում է Ադրբեջանում ապրող շատ-շատ միամիտների՝ փոխել իրենց կարծիքը պատերազմի մասին:
«Նրանք մտածում էին, որ Ղարաբաղի, Հայաստանի դեմ կռվելը կարճ և հաճելի զբաղմունք է, ֆլեշմոբի պես մի բան՝ հավաքվեցինք, մի բան սարքեցինք, նկարվեցինք ու ցրվեցինք: Վե՛րջ, ֆլեշմոբ չի՛ լինելու: Հաճույք և զբոսանք չի լինելու: Եվ վստահ եմ՝ պատերազմ չի լինելու, քանի որ դուք կաք, քանի որ դուք ուժեղ եք, քանի որ դուք կանգնած եք այստեղ», ֊ հայտարարել է Սարգսյանը: