«Նոր կլիմայական նորմը» լուրջ վտանգ է ներկայացնում համաշխարհային զարգացման գործընթացի համար, ասված է Համաշխարհային բանկի՝ նոյեմբերի 23֊ին Վաշինգտոնում հրապարակված «Իջեցրեք ջեռուցումը․ Դիմակայելով նոր կլիմայական նորմին» (Turn Down the Heat: Confronting the New Climate Normal) զեկույցի մեջ, որում հատուկ ուշադրություն է դարձվում Ռուսաստանին, ինչպես նաև Կենտրոնական Ասիայի ու Բալթյան տարածաշրջանի արևմտյան երկրներին։
Մոլորակի հետագա տաքացմանը համընթաց անոմալ շոգի ժամանակահատվածներն ու այլ ծայրահեղ եղանակային պայմանները, որոնք մինչ օրս հանդիպում են ոչ հաճախ, քան դարում մեկ անգամ, կդառնան նոր «կլիմայական նորմը», իսկ դա սպառնում է ռիսկերի աճով ու անկայունությամբ ամբողջ աշխարհում։ Համաշխարհային բանկի թողարկած նոր գիտական զեկույցի համաձայն՝ զարգացման գործընթացի համար հետևանքները լուրջ են լինելու՝ հացահատիկային մշակաբույսերի բերքի անկում, ջրային պաշարների տոպոլոգիայի փոփոխություն, ծովի մակարդակի բարձրացում, ինչպես նաև սպառնալիք միլիոնավոր մարդկանց կյանքի ու գործունեության համար։ Զեկույցի հեղինակները նշում են, որ գլոբալ ջերմաստիճանի 4°C բարձրացման դեպքում, Կենտրոնական Ասիայի որոշ երկրներում ու Բալթյան տարածաշրջանի արևմուտքում կարող է գրանցվել աննախադեպ բարձր ջերմաստիճան ամառվա ամիսների 60%֊ի ընթացքում, իսկ երաշտի սպառնալիքը կարող է աճել 20%-ով։
Կլիմայի կտրուկ փոփոխությունն ու ծայրահեղ եղանակային պայմաններն արդեն բացասական ազդեցություն են թողնում ամբողջ աշխարհի բնակչության վրա՝ ոչնչացնելով հացահատիկային մշակաբույսերի բերքը, վերացնելով ափային սահմանները, ինչպես նաև վտանգ ստեղծելով ջրային ռեսուրսների անվտանգ շահագործման համար, ասված է զեկույցի մեջ։ Վատթարագույն կանխատեսումների հետևանքների մեծ մասից կարելի է խուսափել, եթե կանխվի ջերմաստիճանի 2°C֊ից ավել աճը։
Զեկույցը վկայում է, որ համաշխարհային ջերմաստիճանների աճը զարգացող վտանգ է ներկայացնում բնակչության առավել խոցելի շերտերի առողջության, կյանքի ու գործունեության համար՝ լրջորեն վատթարացնելով խնդիրները, որոնց այսօր բախվում է տարածաշրջաններից յուրաքանչյուրը։
Երեք տարածաշրջանների համար ընդհանուր վտանգ է ներկայացնում ծայրահեղ բարձր ջերմաստիճանների հետ կապված ռիսկը։ Կլիմայի մոդելավորման ժամանակակից մեթոդները ցույց են տալիս, որ բարձր ջերմաստիճանների՝ անոմալ շոգի, շրջանները, որոնք 2012 թվականին գրանցվել են ԱՄՆ֊ում, իսկ 2010֊ին՝ Ռուսաստանում և Կենտրոնական Ասիայում, ավելի հաճախակի բնույթ են ստանալու, եթե մթնոլորտ ջերմոցային գազերի արտանետումների հետևանքով գլոբալ ջերմաստիճանը բարձրանա 4°C֊ով։
Զեկույցը եզրակացնում է, որ ջերմության 1,5°C – 2°C֊ով բարձրացման դեպքում, զգալիորեն մեծանում է հացահատիկային մշակաբույսերի բերքի կրճատման և ուսումնասիրված տարածաշրջաններում արտադրական կորուստների աճի սպառնալիքը։ Հեղինակները նշում են, որ գյուղատնտեսության ոլորտի արտադրողականության անկումը ևս ազդեցություն կունենա հիմնական գյուղատնտեսական տարածաշրջանների վրա, ինչը կհանգեցնի լուրջ հետևանքների պարենային անվտանգության համար ու կարող է բացասաբար ազդել երկրների տնտեսական աճի ու զարգացման, ինչպես նաև սոցիալական կայունության վրա։