հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Կանայք և տղամարդիկ հավասար չեն, իսկ մայրերն առանձնահատուկ են, վստահ է Էրդողանը

Կանայք և տղամարդիկ հավասար չեն, իսկ մայրերն առանձնահատուկ են, վստահ է Էրդողանը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հերթական աղմկահարույց արտահայտությունն է արել՝ հայտարարելով, որ կանայք հավասար չեն տղամարդկանց, գրում է բրիտանական «Գարդիանը»: Էրդողանը նաև ֆեմինիստներին մեղադրել է մահմեդականության կողմից մայրերին տրվող հատուկ կարգավիճակը չընկալելու մեջ։

Էրդողանի խոսքով՝ մայրերը զբաղեցնում են բարձրագույն դիրք, որին միայն իրենք կարող են հասնել․ «Երկրի վրա կնոջ գլխավոր դերը մայրությունն է»։ 

Ստամբուլում ելույթ ունենալով կանանց ու տղամարդկանց հավասարությանը նվիրված միջոցառմանը՝ Թուրքիայի նախագահն ասել է, որ տղամարդիկ ու կանայք տարբեր կերպ են ստեղծված ու որ կանայք ի վիճակի չեն կատարել նույն աշխատանքը, ինչ՝ տղամարդիկ․ «Դա հակասում է նրանց նուրբ ու փխրուն բնույթին»։

«Չեք կարող կանանց ու տղամարդկանց հավասար աստիճանի վրա դասել: Նրանք տարբեր կերպ են ստեղծված, նրանց բնույթը, կառուցվածքը տարբեր են»,- ասել է Էրդողանը:

Նշենք՝ սա Թուրքիայի նախագահի առաջին աղմկահարույց հայտարարությունը չէ: Այս տարվա ամռանն Էրդողանը հանդես էր եկել փոքրամասնություններին վիրավորող արտահայտություններով: NTV հեռուստաընկերության եթերում նա ասել էր, թե իր քաղաքական գործունեության ընթացքում ԶԼՄ-ներն իրեն ինչ ասես՝ չեն անվանել:

«Ինձ վրացի են անվանել, նույնիսկ ավելի վատ՝ հայ: Բայց ես թուրք եմ»,- մասնավորապես, հայտարարել էր Էրդողանը: