Նոյեմբերի 10֊ին Շիրակի մարզի Հոռոմի խաչմերուկի մոտ տեղի ունեցած վթարից հետո, երբ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին զեկուցել են տեղի ունեցածի մասին, նա հրահանգել է ոչ մի պարագայում դիակները մեքենայից չհանել՝ մինչև ինքը տեղ չհասնի։ Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը՝ հղում կատարելով սեփական աղբյուրներին։
Երիցյանը դեպքի վայր է հասել վթարից 1․5 ժամ հետո, և միայն այդ ժամանակ վթարից այրված մեքենայից սկսել են հանել մարդկանց դիակները։ Թերթը գրում է, որ այս ամենը հիմնավորում է նաև դեպքի օրն Արմեն Երիցյանի արած հայտարարությունը, որը տեղ էր գտել լրատվամիջոցներում։ «Սարսափելի էր ամեն ինչ, մի ահավոր վիճակ էր, վառված էին դիակները, նրանց մաս֊մաս էին հանում»,֊ ասել է նախարարը։
«ՀԺ»֊ն ընդգծում է, որ նախարարը, փաստորեն, առիթը բաց չի թողել մոխրացած դիակների ֆոնին նկարվելու և տեղի ունեցածը որպես սեփական PR օգտագործելու համար։
Թերթը փորձել է վերոնշյալ հրահանգի վերաբերյալ մեկնաբանություն ստանալ Արմեն Երիցյանից․ նախարարը, սակայն, հեռախոսազանգերին չի պատասխանել։
Մանրամասները՝ «ՀԺ»֊ի այսօրվա համարում