Ռուսաստանյան գազի գինը Հայաստանում չի իջնում անցյալ տարվա դեկտեմբերի 2-ին Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքված գազային պայմանագրի պատճառով։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը։ Համաձայն պայմանագրի, Հայաստանը սահմանին գազը ստանում է Ռուսաստանի ներքին գնով, այն է՝ 189 դոլար 1000 խորհանարդ մետրի համար, սակայն հարկումից, «Գազպրոմ֊Արմենիա» ընկերությանը տրվող վճարների հատկացումից հետո հասարակ քաղաքացիներին գազը վաճառվում է 340 դոլարով 1000 խորհանարդ մետրի համար։
«Եվրոպայում էսօր էժանացել է, Ուկրաինայում այսքան բանից հետո կառավարությունը հաստատում է գազի գինը 333 դոլար, այսինքն՝ ավելի էժան, քան Հայաստանում է: Պարզվում է նաև, որ գազային պայմանագրով, որը կնքվել է 2013 թվականի դեկտեմբերի 2-ին, հեղուկ նավթի ներկրումը ևս տվել ենք ռուսական ընկերություններին: Կարգին աշխատեք, մի տվեք մոնոպոլիաները, ինչ է՝ չի՞ կարելի ռուսներին «չէ» ասել», – հայտարարել է Բագրատյանը: