Վերջին օրերին որոշ ադրբեջանական լրատվամիջոցներ քարոզարշավ են սկսել չեխական People in Need (Կարիքավոր մարդիկ) ոչ կառավարական կազմակերպության դեմ՝ այն անվանելով հայամետ։ Contact.az կայքի փոխանցմամբ՝ արշավն սկսել է նրանից հետո, երբ կազմակերպությունը նոյեմբերի վերջին Բաթումիում կայացած Արևելյան գործընկերության երկրների Քաղաքացիական հասարակության ֆորումի ժամանակ ներկայացրել է Ադրբեջանի քաղբանտարկյալների մասին ցուցավահանակ։
«Հայամետ դիրքորոշման վերաբերյալ մեղադրանքը ադրբեջանական քարոզչության հին մեթոդներից է, որը կիրառվում է ցանկացած քննադատություն հերքելու և մարդու իրավունքների ոլորտում երկրում առկա սարսափելի խնդիրներից ուշադրությունը շեղելու նպատակով։ Սա վկայում է այն մասին, թե ինչ ճնշումների են բախվում Ադրբեջանում աշխատող միջազգային կազմակերպությունները»,֊ ասված է People in Need կազմակերպության տնօրեն Շիմոն Պանեկի՝ Turan գործակալությանն ուղղված հաղորդագրության մեջ։
Այնպիսի հեղինակավոր կազմակերպություններ, ինչպես, օրինակ, Human Rights Watch֊ն ու Amnesty International֊ը ադրբեջանական մամուլի կողմից պարբերաբար մեղադրվում են կողմնակալության ու հայամետ դիրքորոշում ունենալու մեջ։
People in Need կազմակերպությունն Ադրբեջանի քաղաքացիական հասարակությանն աջակցում է 2013 թվականից։ Այս տարի Ադրբեջանի իշխանությունները աննախադեպ հետապնդումներ են սկսել քաղաքացիական հասարակության դեմ՝ ձերբակալելով հայտնի իրավապաշտպանների ու ճնշելով գրեթե բոլոր անկախ ՀԿ֊ները։
«Նման իրավիճակ չկա ոչ Արևելյան Եվրոպայի երկրներից որևէ մեկում, ոչ էլ անգամ Բելառուսում»,֊ նշել է Պանեկը։
1992 թվականին ձևավորված կազմակերպությունը հիմնված է մարդասիրության, ազատության, հավասարության ու համերաշխության գաղափարների վրա։
Կազմակերպությունը հարգում է միջազգային ճանաչում ունեցող բոլոր երկրների տարածքային ամբողջականությունն ու գործում միջազգային նորմերի սահմաններում։
Աշխատելով տարբեր վայրերում ու երկրներում՝ People in Need֊ը երբեք չի ներկայացնում որևէ կառավարության դիրքորոշում։
Կազմակերպության հիմնական սկզբունքները Եվրոպայում, Ասիայում, Աֆրիկայում և Լատինական Ամերիկայում մարդկանց իրավունքների պաշտպանությունն է։
«Կարծում եմ, որ հայամետ դիրքորոշման մեղադրանքներն անհեթեթություն են, քանի որ մենք աջակցում ենք նրանց, ովքեր փորձում են անել այնպես, որպեսզի իրենց կառավարությունը գործի օրենքի սահմաններում, հարգի մարդու իրավունքները, լինի հաշվետու ու ոչ կոռումպացված»,֊ ընդգծել է Շիմոն Պանեկը։