«Նաիրիտ» գործարանի աշխատակիցներին նախագահական նստավայրում այսօր խոստացել են տալ մեկ ամսվա աշխատավարձ ևս՝ դեկտեմբերի վերջին: Այս մասին Epress․am֊ին հայտնել են այսօր նախագահական նստավայրի մոտ բողոքի ակցիա անցկացրած նաիրիտցիներից մի քանիսը։
Բողոքողները նշել են, որ իրենցից մի քանիսի հետ հանդիպել է նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը։ Նաիրիտցիների փոխանցմամբ՝ Սարգսյանն ասել է, որ սրանից ավելին խոստանալ ու մարդկանց ստիպել մնալ «Նաիրիտում» ինքը չի կարող:
Հիշեցնենք, որ ակցիայի մասնակիցներն այսօր հայտնել էին, որ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը խոստացել էր, որ դեկտեմբերին աշխատավարձերը կվճարեն, սակայն մոտ մեկ շաբաթ առաջ իրենք ստացել են ընդամենը մեկ ամսվա աշխատավարձը և խոստում, որ մինչ Նոր տարվա տոները կտրվի ևս մեկ ամսվա աշխատավարձ:
«Սկսվում է 2015 թիվը, մենք վերջինը ստացել ենք 2013 թվականի մարտի աշխատավարձը»,- ասել է «Նաիրիտի» բուժկետի աշխատակիցներից մեկը:
Բացի դրանից, նաիրիտցիները տեղեկություն ունեն, որ իրենք պետք է ստորագրեն ծանուցում այն մասին, որ փետրվարի 6-ից այլևս հեռացվելու են աշխատանքից:
Ըստ լուրերի՝ աշխատանքից ազատվելու են բոլորը՝ անկախ նրանից՝ կստորագրեն, թե՝ ոչ:
Բողոքի ակցիայի մասնակիցները ենթադրում են, որ «Նաիրիտի» սեփականատերերը ցանկանում են կեղծ սնանկություն ձևակերպել, որպեսզի աշխատավարձ չստացած քաղաքացիները դիմեն դատարան և չկարողանան նույնիսկ այդ ձևով իրենց աշխատավարձերը ստանալ: