Ռուսական զորքերի լայնածավալ ներխուժում Ուկրաինա այսօր հազիվ թե հնարավոր է, ավելի հավանական է, որ երկիրը ագրեսիվ գործողություններ ծավալի այլ ուղղություններով, այդ թվում՝ Հարավային Կովկասում։ Ուկրաինական «ՈՒՆԻԱՆ» լրատվական գործակալության հետ զրույցում նման կարծիք է հայտնել շախմատի աշխարհի 13֊րդ չեմպիոն, գրոստմայստեր, ընդդիմադիր քաղաքական գործիչ Գարրի Կասպարովը։
«Ինչ վերաբերում է [Ուկրաինայի դեմ] լայնամասշտաբ պատերազմին, ապա Պուտինը, ելնելով ինքնապահպանման բնազդից, ստիպված կլինի սկսել շարժվել նախկին խորհրդային տարածքով։ Իմ կարծիքով, սակայն, լայնածավալ ներխուժում Ուկրաինա այսօր հազիվ թե հնարավոր է, քանի որ գինը չափազանց բարձր է։ Չէ՞ որ բռնապետները գոյատևում են հենց այն պատճառով, որ զգում են՝ որոշ գործողություններ լուրջ հետևանքներ ունեն»,֊ ասել է Կասպարովը։
Ընդ որում, նրա խոսքով, ավելի հավանական է, որ Պուտինն այսօր ագրեսիվ գործողություններ ծավալի այլ ուղղություններով։
«Կարծում եմ՝ դա Հարավային Կովկասն է։ Պուտինն Ադրբեջանի ու Վրաստանի շրջակայքում ագրեսիվ գործողություններ սկսելու բազմաթիվ «պատճառներ» ունի։ Առաջին հերթին, դա ցամաքային ճանապարհն է Հայաստան՝ դեպի ռուսական ռազմական բազա։ Բացի դա, ես նաև չէի բացառի Լատվիայում և Էստոնիայում իրավիճակը սրելու վտանգը»,֊ ասել է ընդդիմադիր գործիչը։
Ըստ Կասպարովի՝ Պուտինին անհրաժեշտ են կոնֆլիկտային իրավիճակներ ու «45 թվականից հետո անվտանգության ոլորտում հաստատված միջազգային կապերի համակարգի ոչնչացում»։
«Դա գոյատևման նրա միակ հնարավորությունն է, նրան պղտոր ջրեր են պետք»,֊ հավելել է նա։