հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Տեսանյութեր / ԱԺ֊ն քվեարկեց ԵՏՄ֊ին միանալու օգտին․ դեմ էր 7 պատգամավոր

ԱԺ֊ն քվեարկեց ԵՏՄ֊ին միանալու օգտին․ դեմ էր 7 պատգամավոր

Դեկտեմբերի 4-ին Ազգային ժողովը 103՝ կողմ, 7՝ դեմ, 1՝ ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ կողմ է քվեարկել 2014 թվականի հոկտեմբերի 10-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից ստորագրված Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալու պայմանագրին։

Խմբակցություններից դեմ է քվեարկել միայն 4 անդամ ունեցող «Ժառանգությունը»։ Բացի դրանից, նախագծին դեմ են եղել ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, անկախ պատգամավորներ Էդմոն Մարուքյանը և Խաչատուր Քոքոբելյանը, ձեռնպահ է մնացել ՀՅԴ֊ական Աղվան Վարդանյանը։ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը բացակայել է քվեարկությունից․ ավելի վաղ նա քննադատել էր ԵՏՄ֊ին միանալու պայմանագիրը, բայց հայտարարել էր, որ այդ պայմանագրին կողմ կամ դեմ չի կարելի քվեարկել, քանի որ նման հարցով պետք է հանրաքվե անցկացվի։

Վերջին 4 օրերի ընթացքում, երբ ԱԺ֊ն քննարկում էր ԵՏՄ֊ին միանալու պայմանագիրը, շենքից դուրս մի քանի տասնյակ քաղաքացիներ բողոքում էին պայմանագրի դեմ։

Նոյեմբերի 14-ին Սահմանադրական դատարանը գրավոր ընթացակարգով քննել էր ԵՏՄ֊ին միանալու պայմանագիրը և այն Սահմանադրությանը համապատասխան ճանաչել, չնայած «Իրազեկ քաաղաքացիների միավորում» ՀԿ֊ի ներկայացուցիչները նշում էին, որ դրանում ՀՀ Սահմանադրությանը հակասող կետեր կան։

ՍԴ֊ի նիստի օրը ոստիկանները ուժ էին կիրառել ՍԴ֊ի շենքի դիմաց պայմանագրի կնքման դեմ բողոքող քաղաքացիների նկատմամբ։

Նշենք, որ Հայաստանը ԵՏՄ֊ի անդամ կդառնա 2015 թվականի հունվարից, եթե անդամության պայմանագիրը վավերացնեն ԵՏՄ անդամ երկրների՝ Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի խորհրդարանները։