ԲՀԿ-ն այսօր կողմ է քվեարկելու ԵՏՄ֊ին միանալու համաձայնագրին, որովհետև «այսօր դեմ քվեարկելը կվնասի Հայաստանի շահերին»։ Այս մասին ԱԺ֊ում հայտարարել է խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:
«Մենք կողմ չենք քվեարկում իշխանությունների կատարած քայլերին. ամենևին ոչ: Դրանք կարող էին և պետք է լինեին ավելի լավը, մենք կողմ ենք քվեարկում տվյալ պահին Հայաստանին չվնասելու համար, Հայաստանի ապագա հնավարությունների համար, որոնք կարող են լինել, եթե Հայաստանում իշխանությունները համառորեն և մշտապես պաշտպանեն Հայաստանի Հանրապետության շահերը: Իսկ թե երբ դա կլինի՝ կարծում եմ հասկանում են բոլորը», ֊ ասել է Ուրիխանյանը։
Նրա խոսքով՝ ԵՏՄ միանալու հարցը, ըստ էության, լուծված է․ «Կարիք չկա խնդիրը դրամատիզացնելու, որովհետև խոսքն ընդամենը ինտեգրացիոն գործընթացի մասին է, որը փոքր պետությունների համար շատ կարևոր երևույթ է: Այլ հարց է՝ Հայաստանը կարողանալո՞ւ է ինտեգրացիոն պրոցեսների ընթացքում ապահովել իր համար առավելագույն օգուտներ, խուսափել տնտեսական կորուստներից և ժողովրդի սոցիալական վիճակի՝ է՛լ ավելի վատացումից: Բայց սա այն հարցն է, որ մենք պետք է ուղղենք ոչ թե Ռուսաստանի, Բելառուսի կամ Ղազախստանի, այլ՝ Հայաստանի Հանրապետության գործող իշխանություններին»: