ԵՏՄ անդամակցության պայմանագիրն այսօր քննարկվել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում, որի արդյունքնում որոշվել է, որ հանձնաժողովը դրա մասին հարակից զեկույց կներկայացնի: Նման որոշմանը կողմ է քվեարկել 5 պատգամավոր, դեմ՝ 4: Հարակից զեկուցմանը դեմ էին Նիկոլ Փաշինյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Վահան Բաբայանը և Գուրգեն Արսենյանը:
Փաշինյանը հայտարարել է, որ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քննարկումը ձևական բնույթ ունի, իսկ Արզումանյանն ասել է, որ իրականում հենց այս, այլ ոչ Տնտեսական հարցերի հանձնաժողովը պետք է լիներ գլխադասային այս հարցում: Զեկույց պատրաստելուն դեմ լինելն Արզումանյանը մեկնաբանել է նրանով, որ հարակից զեկուցման նախապատրաստման համար հանձնաժողովը ժամանակ չունի:
«Ինչո՞ւ ենք մեզ տենց կոտորում, խի՞ պետք ա երկուշաբթի առավոտ, էտ ի՞նչ խնդիր ա դրված, որ անպայման պետքա մեկը հելնի ասի, որ պաշտպանում են: Արտաքին քաղաքականության հետ կապ չունի, տնտեսական ա, թող հավաքվի տնտեսական հանձնաժողովը, որոշի, սա ավելի շատ ներքաղաքական հարց ա դարձել»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: