Այն պատգամավորները, որոնք ԱԺ֊ում կողմ կքվեարկեն Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցելու մասին պայամագրին, պետական հանցագործներ ու դավաճաններ կդառնան։ Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Նրա խոսքով՝ մարդիկ, ովքեր այդ հարցում մոլորության մեջ են և պատրաստ են հանդես գալ Պայմանագգրի վավերացման օգտին, պետք է սթափ գնահատեն իրավիճակը։
ԵՏՄ֊ին անդամակցելը Զարուհի Փոստանջյանը բռնակցում է համարում, քանի որ անդամակցումը, նրա խոսքով, կամավոր և փափանցիկ գործընթաց է։
Անդրադառնալով Միությանը Հայաստանի անդամակցելու պարագայում Լեռնային Ղարաբաղի հետ սահմանին մաքսակետի տեղադրման հարցին, պատգամավորը նշել է, որ մաքսակետ չլինելու վերաբերյալ պայմանավորվածությունը միայն բանավոր է, իսկ փաստաթղթերում նշված է, որ անցակետ լինելու է: Փոստանջյանի խոսքով՝ մաքսակետի առկայության դեպքում առաջ է գալու Հայաստանի անվտանգության հարցը։
«Եթե լինելու է մաքսակետ, ուրեմն լինելու է մաքսավոր, եթե լինելու է մաքսավոր, ապա դա կարող է լինել, օրինակ, Ադրբեջանի բարեկամ պետության՝ Ղազախստանի ներկայացուցիչ»,- ասել է պատգամավորը։
Հիշեցնենք, որ ԼՂՀ արտաքին քաղաքականության և անվտանգության հասարակական խորհրդի նախագահ Մասիս Մայիլյանը «168 ժամ» թերթի հետ զրույցում ասել էր, որ մաքսակետի առկայությունը, տնտեսական վնասից բացի, կունենա նաև լրջագույն քաղաքական և հոգեբանական հետևանքներ։
«ՀՀ֊ն ու ԼՂՀ֊ն արդեն ավելի քան 20 տարի գտնվում են մեկ միասնական ֆինանսա֊տնտեսական տարածքում և անվտանգության ընդհանուր միջավայրում, և Հայաստանի անդամակցությունը նոր տնտեսական միավորմանը չպետք է խաթարի առկա ստատուս քվոն»,֊ նշել էր Մայիլյանը։
Ավելի վաղ Ռուսաստանի դաշնային մաքսային ծառայության ղեկավար Անդրեյ Բելյանինովը «Ռեգնում» գործակալությանը հայտնել էր, որ Ռուսաստանը մտադիր չէ միջամտել Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի սահմանին մաքսային մարմինների աշխատանքին։
Հարցին՝ արդյոք լուծվել է Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի սահմանին մաքսայինի աշխատողների ներկայության հարցը, նա պատասխանել է․ «Մոտ ժամանակները չենք նախատեսում․․․ Վերջերս Հայաստանում ներկայացուցիչ եմ նշանակել։ Նա շուտով կմեկնի Հայաստան։ Ամենայն հավանականությամբ, նա կայցելի սահման, բայց հայաստանյան մաքսային մարմինների աշխատանքին միջամտել չենք պատրաստվում»։