Արդեն հայտնի է՝ ինչքանով Հայաստանը պետք է սահմանափակի Եվրամիության հետ հարաբերությունները՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանն արդեն Եվրասիական միության անդամ է։ Այս մասին այսօր ԱԺ֊ում Եվրոպական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին հայտարարել է ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը։
Հստակ սահմանափակումներն իմանալու համար Քոչարյանին դիմել է ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը՝ խնդրելով պարզաբանել, որն է Հայաստան֊ԵՄ հարաբերությունների միջև «կարմիր գիծը»։ Քոչարյանը, սակայն, չի բացատրել՝ ինչ կոնկրետ ոլորտներում և ինչքանով Հայաստանը պետք է հրաժարվի ԵՄ համագործակցությունից՝ ասելով «ես դրա մասնագետը չեմ»։
«Այո, դա ամենակարևոր հարցն էր։ Եվ դրա պատասխանը նոր է հայտնի՝ մեր պայմանագիրը ստորագրելուց հետո, ինչպես նաև Աստանայում մայիսի 29-ի հանդիպումից հետո, երբ մենք ծանոթացանք Եվրասիական միության օրենքների հետ։ Այժմ արդեն կա նաև մեր պայմանագիրը, որը 1500 էջից է բաղկացած, պարունակում է անցումային դրույթներ ու բացառություններ։ Այդ փաստաթղթերին կարող են մասնագետները ուսումնասիրել»,֊ ասել է Շավարշ Քոչարյանը։
Ավելի վաղ քննարկման ժամանակ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանն ասել է, որ ԵՄ-ից ակնկալվում է երկու աղբյուրներից գումար ստանալ՝ նպատակային դրամաշնորհների ձևով և ուղղակի դրամաշնորհների, ընդհանուր առմամբ՝ 34.387 մլն. եվրո գումար։
Հարցին՝ ինչ է անելու կառավարությունը, եթե ԵՄ֊ն այդ գումարը չտրամադրի, կամ սահմանափակի օժանդակությունը, Պավել Սաֆարյանը պատասխանել է․ «Որ չտան, մի անգամ էլ դրա համար կհանդիպենք»։
Անրդադառնալով Եվրասիական միությանը՝ Շավարշ Քոչարյանն ասել է, որ ԵՏՄ որոշ երկներից Հայաստանը բազում ցուցանիշներով առաջ է, քանի որ այդ միությունում ևս հաշվարկները արվում են համաձայն Առևտրի համաշխարհային կազմակերպության։
«Մենք ասեցինք, որ որոշ հարցերում մենք պետք է սպասենք մեր ցուցանիշի վրա, որպեսզի իրենք գան հավասարվեն մեզ։ Եվ մեր եվրասիական միության գործընկերները համաձայնեցին, որ դա տրամաբանական է։ Այնպես որ ացումային դրույթները որոշ դեպքերում մեզ համար չեն, այլ մյուս անդամների»,֊ ասել է Քոչարյանը։