Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Վրաստանի իշխանություններին կոչ է արել անհապաղ հետաքննել Թբիլիսիի Գլդանի բանտում կալանավորների հանդեպ դաժան վերաբերմունքը, հայտնում է Newsgeorgia֊ն։
Վրաստանի հանրային պաշտպանի վարչակազմի ներկայացուցիչները նոյեմբերի 12֊ին հերթական դիտարկման ժամանակ բղավոցներ են լսել բանտի ընդունարանի բաժնից, այնուհետև հայտնաբերել ծեծի ենթարկված երկու կալանավորի։ Ընդ որում` նրանցից մեկի ոտքերն ու ձեռքերը կապված են եղել հատուկ շղթաներով։
«Վրաստանի դատախազությունը տվյալ փաստով գործ է հարուցել, սակայն հետաքննություն է սկսվել ոչ թե խոշտանգումների, անմարդկային վերաբերմունքի կամ արժանապատվության ստորացման փաստով, որոնք, Վրաստանի ՔՕ֊ի համաձայն, հանցագործություններ են, այլ միայն պետական ծառայողների «պաշտոնեական լիազորությունների չարաշահման» հիմքով»,֊ ասված է Amnesty International֊ի հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ Վրաստանի հանրային պաշտպան Ուչա Նանուաշվիլին երկրի գլխավոր դատախազությանը մեղադրել էր կալանավորներին ծեծի ենթարկելու գործի հետաքննությունը ձգձգելու մեջ։ Օմբուդսմենի կարծիքով՝ դատախազության գործողություններն այս և այլ գործերի շրջանակներում վկայում են այն մասին, որ անհրաժեշտ է կարճ ժամանակում Վրաստանում ստեղծել անկախ հետաքննչական մեխանիզմ, որը կքննի անմարդկային վերաբերմունքը քրեակատարողական հիմնարկներում և ոստիկանությունում։
Հանրային պաշտպանի վարչակազմը դատախազությանը փոխանցել է բանտի այն աշխատակիցների անունները, այդ թվում՝ ղեկավար պաշտոնատար անձանց, որոնք, հնարավոր է, մասնակցել են կալանավորների նկատմամբ անմարդկային վերաբերմունքին։
«Բանտային սկանդալը» սկսվել է 2012 թվականի սեպտեմբերի 18-ին, երբ տեսանյութեր են տարածվել, որոնցում երևում էր՝ ինչպես են Գլդանի №8 բանտում խոշտանգումների ենթարկում կալանավորներին: Հանրության վրդովմունքն առաջացրած տեսանյութերը Թբիլիսիում և երկրի մի շարք քաղաքներում դարձան բողոքի ակցիաների առիթ: Դեպքի հետևանքով Վրաստանի Պատիժների կրման և իրավաբանական աջակցության նախարարության ղեկավար Խաթունա Կալմախելիձեն և Վրաստանի ՆԳՆ ղեկավար Բաչո Ախալայան հրաժարական էին տվել: