հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Ընտանեկան բռնության մասին օրենքը Հայաստանին կօգնի գումարներ խնայել․ ԱՄՆ դեսպան

Ընտանեկան բռնության մասին օրենքը Հայաստանին կօգնի գումարներ խնայել․ ԱՄՆ դեսպան

Կանանց նկատմամբ բռնությունն առկա է ամենուր, խնդիրը կապված է իշխանությունների արձագանքի հետ, և այս հարցում Հայաստանն անելիք ունի։ Այս մասին այսօր «Մեդիա կենտրոնում» Գենդերային բռնության դեմ պայքարի 16-օրյակին նվիրված քննարկմանն ասել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը։

Դեսպանը նշել է, որ Հայաստանում առկա օրենքները գործ ունեն միայն բռնարարին պատժելու հետ, սակայն դրանցում ներառված չեն բռնության կանխարգելման և տուժողին պաշտպանելու խնդիրները։ Հեֆերնը կարևորել է այնպիսի օրենքի առկայությունը, որը կներառի ոչ միայն քրեական հետապնդումը, այլ նաև բռնությունը կանխարգելու և տուժողին աջակցելու խնդիրը։

Կանանց նկատմամբ բռնությունները կանխարգելելուն նպաստող հիմնական գործոնը, ըստ Հեֆերնի, հանրային իրազեկման բարձր մակարդակն է, ինչը ապահովվում է սոցիալական գովազդների, Երևանում և մարզերում միջոցառումների միջոցով։ Խոսելով ընտանեկան բռնության դեմ պայքարի շրջանակներում «Պանարմենիան մեդիա գրուպ»-ի կողմից նկարահանված սոցիալական գովազդների մասին, Հեֆերնը ուշադրություն է հրավիրել դրանցում հիշատակվող թեժ գծի համարի վրա և կոչ արել ընտանիքում խնդիրներ ունեցող կանանց չվարանել այդ խնդիրների մասին բարձրաձայնել։

Ընտանեկան բռնության դեմ պայքարում, Հեֆերնի խոսքով, պետական կառույցները պետք է համագործակցեն հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների, ինչպես նաև միջազգային կառույցների հետ։ Նա հիշատակել է ՀՀ ոստիկանությունում ստեղծված նոր ստորաբաժանման մասին, որի 7 աշխատակիցներ անցյալ տարի ուղարկվել են ԱՄՆ՝ վերապատրաստման։

Հեֆերնը նշել է նաև, որ ընտանեկան բռնությունները ուղղակիորեն ազդում են նաև երկրի տնտեսության վրա, քանի որ առաջ են քաշում լրացուցիչ ծախսեր, մասնավորապես, առողջապահության ոլորտում։

«ԱՄՆ֊ում 1994թ. համապատասխան օրենքն ընդունելուց հետո հաջողվեց միլիոնավոր դոլարներ խնայել», ֊ ասել է նա։