5-րդ գումարման Ազգային ժողովի (նիստերը գումարվում են 2012 թվականի մայիսի 31-ից) պատգամավորներից ամենաշատը օրինագծերին դեմ է քվեարկել ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ 192 անգամ։ Նրան հետևում են «Ժառանգություն» խմբակցության 3 պատգամավորներ Արլեքսանդր Արզումանյանը, Ռուբիկ Հակոբյանը և Թևան Պողոսյան, ովքեր, համապատասխանաբար, 119, 105 և 104 անգամ են դեմ քվեարկել։ Կողմ քվեարկողների թվում առաջատար են իշխող ՀՀԿ խմբակցության անդամները։ Մասնավորապես, 1-ին և 2-րդ տեղերը կիսում են Ռազմիկ Զոհրաբյանը և Հովհաննես Սահակյանը․ նրանք կողմ են քվեարկել 425-ական անգամ։ Այս տվյալները հրապարակել է parliamentmonitoring.am կայքը։
Ազգային ժողովում սովորաբար ձեռնպահ են քվեարկում ՀՅԴ խմբակցության անդամները։ Խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը ձեռնպահ է քվեարկել 194 անգամ, խմբակցության պատգամավորներ Աղվան Վարդանյանը և Արմեն Ռուստամյանը՝ 152 և 145 անգամ համապատասխանաբար։
Արծվիկ Մինասյանը նաև 5-րդ գումարման Ազգային ժողովի ամենաակտիվ պատգամավորն է․ նա 78 ելույթ է ունեցել և 93 անգամ հարցերով է հանդես եկել։ Այս շարքում երկրորդը՝ ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանն է՝ 65 ելույթ, 91 հարց, երրորդը՝ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ 48 ելույթ, 72 հարց։
2012 թվականից սկսած նիստերից ամենաշատը բացակայել է ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ 424 անգամ, նրան հետևում են ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը՝ 230 բացակա, և ԲՀԿ խմբակցության անդամ Գուրգեն Արսենյանը՝ 218։