Home / Հայաստան / Միջազգային կառույցները դատապարտում են Ադրբեջանի նախագահի ակտիվ քննադատի ձերբակալությունը

Միջազգային կառույցները դատապարտում են Ադրբեջանի նախագահի ակտիվ քննադատի ձերբակալությունը

Ադրբեջանցի առաջատար հետաքննող լրագրող, կառավարության ակտիվ քննադատ Հադիջա Իսմայլովայի ձերբակալությունը կործանարար հարված է Ադրբեջանի քննադատական ձայներին։ Այս մասին ասված է Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության՝ Իսմայլովայի ձերբակալությունը դատապարտող հայտարարության մեջ։

«Հադիջա Իսմայլովայի ձերբակալությունն այլախոհ ձայները լռեցնելու Ադրբեջանի կառավարության հերթական փորձն է։ Նա պետք է անհապաղ ազատ արձակվի։ Սա պետք է վերջին կաթիլը լինի։ Արևմտյան գործընկերները պետք է Ադրբեջանի իշխանություններին պարզ ասեն, որ քանի դեռ [բոլոր ձերբակալված լրագրողներն ու իրավապաշտպանները] ազատ չեն արձակվել, նախկին կապերն ու հարաբերությունները երկրի հետ չեն լինի»,֊ ասված է Human Rights Watch֊ի հայտարարության մեջ։

Իսմայլովան հայտնի է որպես երկրի նախագահ Իլհամ Ալիևի քննադատ․ լրագրողը բազմաթիվ հոդվածներով է հանդես եկել, որոնցում փաստեր է ներկայացրել կառավարության կոռուպվացված լինելու, ինչպես նաև Ալիևի ընտանիքի բիզնես շահերի մասին։ Դեկտեմբերի 5֊ին նրա ձերբակալությունը նրան լռեցնելու իշխանությունների հերթական փորձն է։ Տարեսկզբին Իսմայլովան հարցաքննության էր ենթարկվել «պետական գաղտնիք հրապարակելու» գործով։ Հարցաքննությունները սկսվել էին այն բանից հետո, երբ իշխանամետ ԶԼՄ֊ները գրել էին, թե լրագրողը ԱՄՆ Սենատի աշխատակիցներին փոխանցել էր նյութեր Ադրբեջանի ընդդիմադիր քաղաքական գործիչների մասին, որոնք, ենթադրաբար, աշխատում էին որպես ԱՄՆ հատուկ գործակալներ։ ԱՄՆ դեսպանությունն այս պնդումը հերքել էր։

Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունն իր հայտարարության մեջ լրագրողի ձերբակալությունն անվանել է «կոպիտ հարձակում մամուլի ազատության վրա»։

«Հադիջա Իսմայլովան Ադրբեջանի վերջին անկախ ձայներից մեկն է։ Նրա ձերբակալությունը երկրում անկախ մամուլը լռեցնելու ուղղությամբ հերթական քայլն է»,֊ ասված է կազմակերպության հայտարարության մեջ։

Իսմայլովայի ձերբակալությանն անդրադարձել է նաև ԱՄՆ Պետդեպը։ ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի փոխխոսնակ Մարի Հարֆն ասել է․ «Մենք խորապես մտահոգված ենք Ադրբեջանում քաղաքացիական հասարակության, ինչպես նաև լրագրողների գործունեության սահմանափակումներով։ Մեզ խիստ անհանգստացնում է, որ այդ երկրի կառավարությունը չի բավարարում այդ հարցերի վերաբերյալ իր միջազգային հանձնառություններն ու պարտականությունները»։

Ադրբեջանի նախագահի մամուլի խոսնակ Ազեր Հասիմովը ԱՊԱ լրատվական գործակալության հետ զրույցում Հադիջա Իսմայլովայի ձերբակալության վերաբերյալ արձագանքներն անվանել է «որոշակի շրջանակների հակաադրբեջանական քարոզչության անբաժանելի մաս»։

«Մինչ օրս Ադրբեջանում որևէ քաղաքացի, ԶԼՄ֊ի որևէ ներկայացուցիչ պաշտոնական կառույցների կողմից հետապնդումների և ճնշումների չի ենթարկվել իր հայացքներն ազատ արտահայտելու համար»,֊ մասնավորապես, ասել է Հասիմովը։